Ստեղծուել Է «Շուէդիայի Հայերի Միութիւնը» 

2016 թ. նոյեմբերի 22-ին նշանակալի իրադարձութիւն է տեղի ունեցել Շուէդիայի Թագաւորութիւնում ապրող հայերի կեանքում, երկրի լիազօր մարմինը պաշտօնապէս գրանցել է նոր հայկական կազմակերպութիւն` «Շուէդիայի Հայերի Միութիւնը»: Հէնց այն նոյն օրը, երբ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնը հայ ժողովրդի համար ընդունել է ճակատագրական որոշում` կայացրել Իրաւարար վճիռ Թուրքիայի եւ Հայաստան պետութեան միջեւ սահմանի վերաբերեալ:

Շուէդիայի Հայերի Միութեան նախագահ է ընտրուել Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր Սարգիս Գասպարեանը:

Շուէդիայի Հայերի Միութեան նպատակն է.
աջակցել ազգային մշակոյթի, լեզուի, կրթութեան, աւանդոյթների զարգացմանն ու պահպանմանը, ազատ մուտք ապահովել դէպի ազգային-մշակութային եւ պատմական արժէքներ, օժանդակել մշակութային, կրթական, հոգեւոր, սոցիալական, իրաւական, տեղեկատուական եւ տնտեսական կարիքներին` Շուէդիայում, Արեւմտեան Հայաստանում եւ ամբողջ աշխարհում,
աջակցել Հայկական Հարցի վերջնական լուծմանը, հայերի միաւորման ու համախմբմանը ամբողջ աշխարհում` լուծելու համար այդ հարցը,
աջակցել վերականգնելու պատմական եւ համամարդկային արդարութեանը Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Կիլիկիայի հայերի համար,
աջակցել Հայերի ցեղասպանութան ճանաչման, դատապարտման ու հատուցման գործընթացին, որ տեղի է ունեցել Արեւմտեան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանեան կայսրութեան մէջ` 1894-1923 թթ,
աջակցել ու մարդասիրական օգնութիւն հասցնել Արեւմտեան Հայաստանի եւ Մերձաւոր Արեւելքի հայերին, ինչպէս նաեւ պարտադրուած տեղահանուածներին,
աջակցել խաղաղութեան, բարեկամութեան եւ համաձայնութեան ամրապնդմանը ժողովուրդների միջեւ,
պաշտպանել Միութեան անդամների իրաւունքներն ու օրինական շահերը:

Առաջիկայում, Շուէդիայի Թագաւորութեան մայրաքաղաք Ստոկհոլմում, տեղի կ’ունենայ Շուէդիայի Հայերի Միութեան հիմնադրման հանդիսաւոր շնորհանդէսը` Շուէդիայի Ռիկսդագի (Խորհրդարանի) պատգամաւորների, Թագաւորութեան քաղաքական, հասարակական, ազգային եւ կրօնական գործիչների, դիւանագիտական կորպուսի եւ Զլմ-ների, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչների եւ Շուէդիայի, Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի հայկական կազմակերպութիւնների մասնակցութեամբ:

Շուէդիայի Հայերի Միութեան գրասենեակը գտնւում է Գեօթեբուրգ քաղաքում:
E-mail: [email protected]

Տեղեկանք:
Սարգիս Գասպարեանը ծնուել է 1973 թ-ին Լիբանանում: Նախնիները Արեւմտեան Հայաստանի Տիգրանակերտ մարզից են: Հայոց ցեղասպանութեան տարիներին թուրքական իշխանութիւնները ընտանիքի անդամներին աքսորել են անապատ, դէպի Դեյր էզ Զօր, որտեղ նրանց փրկել են բեդուին ցեղերը: Յետագայում ապաստան են գտել Սիրիայի Հասակէ եւ Կամըշլի քաղաքներում: Վերջին 30 տարիների ընթացքում, 1986 վականից սկսած, մշտապէս բնակուել եւ աշխատել է Շուէդիայում:

2013 թուականի նոյեմբերին ընտրուել է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր:
Ամուսնացած է: Ունի 3 երեխայ:

Շուէդիայի Հայերի Միութեան Մամուլի ծառայութիւն