ՀՌՉԱԿԱԳԻՐ   Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին

Յարգելի՛ հայրենակիցնէր

Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւաւորող յատուկ յանձնաժողովը, ստանձնելով Արեւմտեան Հայաստանի պետական համակարգերի կազմաւորման ու ստեղծման, հայերի գոյութեան ու ինքնութեան պահպանման, Արեւմտեան Հայաստանի տնտեսութեան վերականգնման ու վերաշինութեան պատասխանատուութիւնը,

Յայտարարում են`

Ստեղծել Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան), որն իրականացնելու է հայութեան ուժերի համախմբումը:

Հենքային համարել Հայկական հարցի` Հայոց պահանջատիրութեան լուծման խնդրում ազգային միասնութիւնը եւ հայոց անժամանցելի իրաւունքը:

Ընդունել մէկ բանաձեւ. հայ ժողովուրդը պէտք է ապրի ինքնաբաւ, իսկ ապագայում մէկ միասնական եւ անկախ Հայոց պետութեան կազմում:

Առաջնորդւում են`

ա) Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի պաշտօնական յայտարարութեամբ (ընդունուած` 2004 թուականի դեկտեմբերի 17-ին) եւ «Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների մասին» հռչակագրով (ընդունուած` 2007 թուականի յունուարի 20-ին):

բ) Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան ստեղծման (ընդունուած` 2011 թուականի փետրուարի 4-ին) եւ Արեւմտեան Հայաստանի պետական համակարգի մասին որոշումներով (ընդունուած` 2011 թուականի մարտի 2-ին):
գ) 2012 թուականի նոյեմբերի 30-ի Արեւմտեան Հայաստանի հայերի` Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւաւորելու մասին 5-րդ վեհաժողովի որոշմամբ:

Հռչակում են, որ`

Նկատի առնելով այն փաստը, որ հակառակ մարդկային բարոյականութեան եւ ցանկացած իրաւունքի` ճանաչելու Հայոց իրաւունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ, Թուրքիայի իրարհաջորդ կ’առավարութիւննէր` սուլթանական, երիտթուրքական եւ քեմալական, 1894-1923 թթ. իրականացրել են Հայերի ցեղասպանութիւն եւ բռնագաղթ, որի միջոցով աննախադէպ փոփոխել են ազգագրական պատկերը տարածաշրջանում, իսկ հետեւանքում կրճատելով հայերի թիւը բռնազաւթուած տարածքներում, որպէս «հաւելավճար» իրենց յանցագործութիւնների` խախտել են ազգութիւնների միջեւ բնականոն յարաբերակցութիւնը` Արեւմտեան Հայաստանում, եւ

նկատի առնելով վերոյիշեալ ողջ իրողութիւնը հռչակում են, որ`

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրաւասութիւնը տարածւում է ինչպէս Արեւմտեան Հայաստան պետութեան քաղաքացիների, այնպէս էլ Արեւմտեան Հայաստանի բռնագրաւուած երկրամասի` Արեւմտեան Հայաստանի իրաւական (de jure) եւ փաստական (de facto) տարածքների վրայ` նկատի ունենալով

ա) Հայաստան – Թուրքիայ սահմանազատումը` համաձայն ԱՄՆ-ի 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.):

բ) Պատմական Հայաստանի, այդ թւում` Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկեան Հայաստանի անկախութիւնը` համաձայն ՄԱԿ-ի` «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անյապաղ անկախութիւն տրամադրելու մասին» հռչակագրի (14 դեկտեմբերի, 1960 թ.):

գ) Որպէս բնիկ ժողովուրդ` Արեւմտեան Հայաստանի հայերի ունեցած պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժամկէտ եւ անժխտելի իրաւունքները` համաձայն ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» հռչակագրի (13 սեպտեմբերի, 2007 թ.):

Վերոյիշեալ իրաւասութիւնը տարածւում է Արեւմտեան Հայաստանի հետեւեալ նահանգների եւ տարածքների վրայ`

Վան,
Բիթլիս,
Էրզրում (Կարին),

Տրապիզոն (Համշեն),

Սիւաս (Սեբաստիայ),

Դիարբեքիր (Տիգրանակերտ),

Խարփութ (Խարբերդ),

Կ’իլիկիայ (այդ թւում` Կեսարիայ, Մարաշ, Ադանայ, Զեյթուն, Այնթափ, Անտիոք), Կարս (եւ Սուրմալու),

Ջավախք,
Նախիջեւան:

Առաջնորդուելով վերը նշուած փաստաթղթերով եւ դրոյթներով` Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւաւորող յատուկ յանձնաժողովը

Յայտարարում են, որ`

ստեղծւում է Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւաւորող Կենտրոնական ընտրական յանձնաժողով (ԿԸՀ), որը լիազօրուած է կազմակերպելու եւ անցկացնելու ընտրական ողջ գործընթացը:

(Տե՛ս Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւաւորող Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կայքը` http:www.western-armenia-election.org):

Քաղաքացիների գրանցումը

Արեւմտեան Հայաստանի քաղաքացիներ են բոլոր այն անձինք, ովքեր կարող են հիմնաւորել թե՛ իրենց տարագրեալ լինելը Հայրենիքից (Արեւմտեան Հայաստանից), թե՛ իրենց ծագումը` նոյնիսկ մի քանի սերունդ վաղեմութեամբ (ուղիղ ժառանգական կապով):

  • Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրութիւններին մասնակցելու ցանկութիւն յայտնած Արեւմտեան Հայաստանի քաղաքացիների, ինչպէս նաեւ հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպութիւնների եւ միութիւնների գրանցման գործընթացն իրականացւում է` 2013 թ. մայիսի 24-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը:
  • Ընտրութիւններին մասնակցելու ցանկութիւն յայտնած Արեւմտեան Հայաստանի քաղաքացիները գրանցւում են հետեւեալ կայքում`

http://www.western-armenia-election.org/votes/Enregistrement2013-fr-arm.php

Թեկնածուների գրանցումը

  • 2013 թ. յունիսի 1-ից սկսւում է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորութեան թեկնածուի կողմից իրականացուող ստորագրահաւաքը` յատուկ հաստատուած ձեւաթղթերի միջոցով:
  • Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) բաղկացած է Արեւմտեան Հայաստանի քաղաքացիներից: Արեւմտեան Հայաստանի քաղաքացու անձնագիր ունենալը պարտադիր է պատգամաւորութեան թեկնածուի համար:
  • Թեկնածուների գրանցումն իրականացւում է 2013 թ. հոկտեմբերի 1-ից ժամը 08:00, մինչեւ հոկտեմբերի 22-ը` ժամը 24:00:
  • Ընտրութիւններն անցկացւում են 2013 թ. նոյեմբերի 22-ից ժամը 08:00, մինչեւ դեկտեմբերի 1-ը` ժամը 00:00 (Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կայքի միջոցով կամ գրաւոր):
  • Ընտրութիւնների արդիւնքները Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից հաստատւում եւ հրապարակւում են 2013 թ. դեկտեմբերի 17-ին:
  • Առաջադրուելու համար թեկնածուն պէտք է ներկայացնի Արեւմտեան Հայաստանի քաղաքացիների նուազագոյնը 100 ստորագրութիւն:
  • Թեկնածուն պէտք է ներկայացնի ինքնակենսագրութիւն եւ գործունէութեան համառօտ ծրագիր:
  • Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորութեան թեկնածուները գրանցւում են հետեւեալ կայքում`
    http://www.western-armenia-election.org/votes/Candidature2013-fr-arm-en-ru.php
    http://www.western-armenia-election.org/Consultation-Electorale/2013/Teqnadzouneri_timoume-2013.pdf
    http://www.western-armenia-election.org/Consultation-Electorale/2013/Requete_de_candidature-2013.pdf

Հաստատում են, որ`

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորութեան թեկնածուները, որոնք պաշտօնապէս ընդունում են Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհրդի եւ Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան Հռչակագիրը եւ հիմնադիր փաստաթղթերը, կարող են ինքնաառաջադրուել եւ կամ ներկայացուել հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպութիւնների եւ միութիւնների, Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհրդի ու Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կողմից:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման հիմնական մեխանիզմները, այդ թւում` կանոնակարգի նախագիծը, որով հաստատւում է Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին նստաշրջանի գումարման ժամկէտը, պատգամաւորների քանակը, հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպութիւնների եւ միութիւնների ներգրաւման օրինակարգը` հաստատուած Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից:

Կոչ են անում համայն հայութեանը`

պաշտպանելու ու հաստատելու իր անսակարկելի եւ անժամանցելի իրաւունքները, որի կարեւորագոյն գործողութիւններից մէկը Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորումն է, ակտիւօրէն մասնակցելու այս ընտրութիւններին` Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութիւն ձեռք բերելու եւ դրա ընձեռած բացառիկ հնարաւորութեան շրջանակներում:

 

Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ`

Արմէնակ Աբրահամեան

 

Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան վարչապետ`

Տիգրան Փաշաբեզեան

 

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւաւորող

յատուկ յանձնաժողով

24 մայիս, 2013 թ.

Փարիզ, Ֆրանսիա