Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավական-քաղաքական իրավիճակի մասին Խորհրդարանի 6-րդ նստաշրջանում

 

Ի՞նչ իրավիճակ է այսօր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում 11-ը հունիսի 2017 թ.-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանից եւ նրա ընդունած որոշումներից հետո:

Հիշեցնենք, որ նստաշրջանը ընդունել է որոշում 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

Թվում է ամեն ինչ պարզ է ու հասկանալի, սակայն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը ձեւացնելով ասես ոչինչ տեղի չի ունեցել, հենվելով սահմանադրության նախագծի ինքնաստեղծ օրինակի վրա, որը իր խոսքերով ինքն է ստորագրել ու հաստատել, մի կողմից փորձում է անօրինական ու հակապետական իր նոր գործունեությունը քողարկել չընդունված սահմանադրության նախագծի հոդվածների հիման վրա, մյուս կողմից՝ նստաշրջանից հետո ստեղծված նոր իրավիճակում հանդես է գալիս ինքնակոչ նախագահի եւ ինքնաստեղծ պետական կառույցների անվան տակ:

Ավելորդ չէ նշել, որ այս ամենը իր բնույթով եւ բովանդակությամբ ոչ միայն հակաօրինական է եւ հակասահմանադրական, այլեւ հակաազգային եւ հակապետական, ինչը կարող է էական վնաս հասցնել հայության իրավունքների պաշտպանության ժամանակակից ողջ գործընթացին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը այսօր փորձում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանին «հեղաշրջման փորձի» կեղծ մեղադրանք ներկայացնել մոռանալով, որ ինքն է անձամբ վերջին երկու տարիներին իրականացրել «հեղաշրջման փորձ» Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգի նկատմամբ, իսկ դրա «իրավաչափությունը» ապահովելու համար համակարգին պարտադրել ինքնաստեղծ Սահմանադրություն, որն իր բնութագրմամբ, ստորագրել, հաստատել ու վավերացրել է 2016 թ. մայիսի 9-ին:

Մոռանալով, որ ունենալով մեծ իշխանություն, որը նախագահի լիազորություններով է պայմանավորված, ձգտել է ամբողջատիրական (տոտալ) իշխանության ողջ համակարգի եւ նրա բոլոր մասնակիցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի նիստում ընդունվել է որոշում 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

Նշենք, որ աշխարհում գոյություն չունեն ինքնաստեղծ սահմանադրություններ, ըստ միջազգային իրավական համակարգի, ցանկացած Սահմանադրություն, որպեսզի համարվի ընդունված ու իրավաչափ՝ պետք է անցնի շատ որոշակի գործընթաց.

  1. Սահմանադրության նախագծի առաջին ընթերցում (ներ),
  2. Սահմանադրության նախագծի հրապարակային համաժողովրդական քննարկում,
  3. Սահմանադրության նախագծի օրինակի համաժողովրդական հանրաքվե,
  4. որից հետո միայն, եթե հանրաքվեին մասնակցած հանրությունը կողմ է քվեարկում հանրաքվեի դրված Սահմանադրության օրինակին, ապա դա համարվում է ընդունված:

Կարեւոր չէ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը տիրապետում է այդ գիտելիքներին, թե ոչ: Կարեւորը նրա ձգտումն է անպայման «իրավաչափ ու օրինական» դարձնելու Սահմանադրության ինքնաստեղ իր օրինակը, որպեսզի դրա միջոցով, հնարավոր ու անհնարին բոլոր իրավունքները վերապահելով իրեն, միանձյա ու լիակատար իր իշխանությունը տարածի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգի եւ քաղաքացիների վրա եւ իր ինքնաստեղծ Սահմանադրության հոդվածների վրա հենվելով, համակարգի բոլոր թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան եւ համակարգի բոլոր մասնակիցների նկատմամբ, պաշտոնյաներ, պատգամավորներ, քաղաքացիներ, վարվի օրվա քմահաճույքի համեմատ:

Դրա առաջին քայլը, որ կարելի է կոչել նաեւ սողացող «հեղաշրջման փորձ», ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման առաջին փորձ՝ իրականացման է դրվել 2017 թ. մայիսի 31-ին, երբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի կողմից ստորագրվել են ապօրինի հրամանագրեր, հիմնված ապօրինի Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի վրա: (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին)

Այդ իմաստով, 5-րդ նստաշրջանում կայացված որոշումները բնավ պատահականության արդյունք չէին, այլ խորապես քննության առնված, կշռադատված ու պահանջված:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պատրաստության աշխատանքները սկսվել են 2014 թ. օգոստոսի 10-ից հետո, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, որտեղ նշված էր. «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին (Խորհրդարանին) առաջարկում ենք ձեւավորել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման հանձնաժողով եւ ձեռնարկել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակումը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ձեւի եւ բովանդակության համար՝ որպես հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության վերաբերյալ վերոհիշյալ հռչակագրերը, որոշումները, օրենքներն ու իրավական փաստաթղթերը»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի առաջին ընթերցումը հաստատել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման երրորդ նստաշրջանը (27-ը դեկտեմբերի, 2015 թ., Երեւան):

Ահա քաղվածք նստաշրջանի արձանագրությունից.

«Լսեցին՝ Առաջին ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատման մասին: Ելույթի համար խոսքը տրվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին:

Որոշեցին՝ հաստատել. առաջին ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցումը հաստատել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման չորրորդ նստաշրջանը (17-ը դեկտեմբերի, 2016 թ., Երեւան): Ահա քաղվածք արձանագրությունից.

«Լսեցին՝ երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատման մասին:

Որոշեցին՝ հաստատել. երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի երրորդ ընթերցումը հաստատել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանը (11-ը հունիսի, 2017 թ., Երեւան): Ահա քաղվածք այդ արձանագրությունից.

«Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ ընթերցման եւ Սահմանադրության ընդունման հետագա ընթացակարգի վերաբերյալ:

Որոշեցին՝

ա) Հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի 3-րդ, վերջնական, ընթերցումը եւ հաշվի առնելով պատգամավորների առաջարկներն ու լրացումները՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դնել համաժողովրդական քննարկման,

բ) որից հետո մեկ ամսվա ընթացքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դնել համաժողովրդական հանրաքվեյի:

գ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հրապարակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում եւ լրատվամիջոցներում»:

Հետեւաբար, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը երբեք հնարավորություն չուներ հրամանագիր ստորագրել հիմնված գոյություն չունեցող Սահմանադրության հոդվածի վրա: Սա ե’ւ լիազորությունների չարաշահում է, ե’ւ սողացող «հեղաշրջման փորձ», ե’ւ իշխանության յուրացման փորձ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընդունած որոշման մեջ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունված Սահմանադրություն դեռեւս չունի եւ նա առաջնորդվում է՝ Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքով, որ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության  նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը խախտել է վերոնշյալ օրենքի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքը» բաժնի հետեւյալ հոդվածների դրույթներն ու պահանջները.

Հոդված 36) Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է:

Հոդված 37) Արեւմտյան Հայաստանի նախագահը՝ պետության գլուխն է` Արեւմտյան Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձը, Սահմանադրության, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորը: Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ նա միջոցներ է ձեռք առնում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման, պետական իշխանության մարմինների միջեւ գործառույթների ներդաշնակ համադրման եւ համագործակցության:

Հոդված 44) Արեւմտյան Հայաստանի նախագահը`

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ նշանակում ու ազատում է Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի կառավարության հրաժարականի մասին,

-Արեւմտյան Հայաստանի վարչապետի առաջարկությամբ նշանակում ու ազատում է պաշտոնից Արեւմտյան Հայաստանի վարչապետի օգնականներին եւ նախարարներին,

Հոդված 52) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետը Արեւմտյան Հայաստանի նախագահին առաջարկում է Արեւմտյան Հայաստանի կառավարության փոխվարչապետի պաշտոնի թեկնածուներին եւ Արեւմտյան Հայաստանի նախարարներին՝ նախապես տեղյակ պահելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին եւ հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կարծիքները:

Որտեղ նշված է նաեւ,

Հոդված 14) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունների դադարեցումը կարող է տեղի ունենալ հետեւյալ դեպքերում.

-այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը իր գործունեությամբ կամ անգործությամբ վնաս է հասցնում Արեւմտյան Հայաստանին, Արեւմտյան Հայաստանի պետական կառույցներին: Սույն հոդվածի կետը վերաբերում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին:

Հակընդդեմ վերը մեջբերված հոդվածների դրույթների ու պահանջների՝

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանը շուրջ երկու տարի է ինչ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգին ուժով պարտադրում է 2016-ի մայիսի 9-ին իր միանձնյա ստորագրությամբ, իբրեւ թե իր կողմից հաստատում ստացած Սահմանադրության իր տարբերակը,

-որն ի տարբերություն վերը նշված գործող օրենքի դրույթի ու պահանջի, եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին եւ երկրորդ ընթերցումների մեջ ներառված հոդվածների, ոչ թե նախագահա-խորհրդարանական, այլ նախագահական կոշտ ու անզիջում կառավարման օրինակ է:

Արձանագրելով, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության  նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության օրինակը ոչ մի կերպ չի համապատասխանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությունը եւ չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը նախագա-խորհրդարանական է:

Հետեւաբար, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը մանրամասն քննելով ու համադրելով ներկայացված փաստերը՝

Որոշեց՝ 2017 թ. հունիսի 11-ից դադարեցնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի նախագահական լիազորությունները:

Ահա այս որոշումը եւ այլ որոշումներ նույնպես միտված էին կարգավորելու հետեւյալ խնդիրները.

ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից պաշտպանելու համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին ու բոլոր մասնակիցներին,

բ) պաշտպանելու համակարգի թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան ազատությունը, անկախությունը, լիակատար համագործակցությունը,

գ) պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից:

Այդ խնդիրները կարգավորված են:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի՝ Ռադիկ Խամոյանը, նոր կառավարություն է ձեւավորվում՝ վարչապետի պաշտոնում երրորդ անգամ անընդմեջ հաստատվել է Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանը Արմեն Տեր-Սարգսյանի նախագահությամբ շարունակում է իր աշխատանքները եւ, ըստ այդմ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգը կարող է առաջ շարժվել եւ առանց հին արգելքների ու խոչընդոտների շարունակել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության շատ պատասխանատու գործը:

 Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 16.09.2017 թ.