Տիգրան Փաշաբեզյան. «Աֆրինում Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ»: Իսկ ի՞նչ իրավունքով են այդ զինված ուժերը այնտեղ

Որոնք էլ լինեն թուրքական կողմի բերած փաստարկերն ու արդարացումները՝ նախկինում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային սահմաններին «Եփրատի վահան», իսկ ներկայումս՝ «Ձիթենու ճյուղ» հորջորջմամբ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական գործողությունների ինքնակոչ նպատակների վերաբերյալ, իբր թե՝ «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի»,

կամ էլ իբր՝ «անվտանգության գոտու ստեղծման» նույնքան կեղծ արդարացմամբ, միեւնույնն է, մի բան հստակ է. իրականացվել է բացահայտ կամային-քաղաքական որոշում՝ ներխուժում սուվերեն երկրի տարածք: Հետեւությունը միակն է. Թուրքիայի Հանրապետության զինված ուժերն այդ տարածքներում իրավունք չունեին եւ այժմ էլ չունեն գտնվելու…:
Եւ ահա, թե ինչու՛…
– Տեղի ունեցած Սան-Ստեֆանոյի եւ Բեռլինի վեհաժողովների (1878 թ.), ինչպես նաեւ Մայիսյան բարենորոգումների ծրագրի (1895 թ.) պահանջների համաձայն` Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում: Փոխարենը, թուրքական երեք իրար հաջորդող կառավարություններ` օսմանական, երիտթուրքական, քեմալական (1894-1923 թթ. ընթացքում) իրականացրեցին ցեղասպանություն եւ բռնագաղթ Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում:
– Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ կնքված Մուդրոսի զինադադարի (1918 թ. հոկտեմբերի 30) 16-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիան պարտավորվում էր իրականացնել. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը…, Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»:
-Ռուսաստանի Կառավարությունը ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), (11 հունվարի 1918 թ.),
– Կիլիկիայի հայերը 1920 թ. օգոստոսի 4-ին հռչակագիր ընդունեցին Կիլիկիայի անկախության մասին:
– ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն՝ թուրքական զինված ուժերը պարտավոր էին 1920 թ. նոյեմբերի 22-ից հետո դուրս գալ Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթներից:
– Իրավար վճռով որոշված տարածքների հարցը Սեւրի խաղաղության դաշնագրի 89-րդ հոդվածում ձեւակերպված է այսպես. «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ»:
– «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության մասին» 2011 թ. մարտի 29-ին ընդունված որոշման համաձայն՝ ինչը նշանակում է, որ թուրքական զինված ուժերը իրավունք չունեն գտնվել նվազագույնը Վիլսոնյան Իրավարար վճռով Հայաստանին հատկացված այդ տարածքներում:
Հետեւաբար ժամանակն է ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Թուրքիայի Հանրապետության լիովին հակաիրավական եւ անօրինական այն բոլոր քայլերին, ըստ որոնց՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը
ա) շուրջ 98 տարի բռնազավթված են պահում Արեւմտյան Հայաստանը եւ Կիլիկիան,
բ) այդ նույն բռնազավթված տարածքներից նոր եւ առավել վտանգավոր ագրեսիայի սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար:
Մերձավոր Արեւելքի ժողովուրդների ու պետությունների ապագան սերտորեն կապված է միջազգային ընկերակցության ռազմաքաղաքական որոշումների ու քայլերի հետ: Վերջին 30 տարիների ընթացքում, ուժային տարբեր կենտրոնների աջակցությամբ, վարելով «նեո-օսմանյան» քաղաքականություն եւ հետապնդելով բացառապես սեփական շահեր՝ Թուրքիայի Հանրապետությունը ինքն իրեն հաճույքով ներքաշում էր միջինարեւելյան ռազմաքաղաքական ագրեսիվ ու վտանգավոր հետեւանքներով գործընթացների մեջ: Ըստ այդմ, մինչեւ վերջերս նմանատիպ ծրագրերում բավարարվում էր իսլամական ծայրահեղական խմբավորումներին եւ ահաբեկիչներին աջակցելու ու զինելու, ուղղորդելու, հովանավորելու եւ պատսպարելու… հայտնի չէ, թե էլ ինչ գործողություններով: Սակայն թվացյալ անապացույց այդ ծրագրերին հակառակ այժմ իրադրությունը էապես փոխվել է, ինչի վկայությունն են Սիրիայի Հանրապետության հյուսիսային տարածքներում վերը նշված հակաիրավական զույգ ռազմական գործողությունները Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի կողմից:
Պարզորոշ տեսանելի է թուրքական իշխանությունների շահագրգռությունը՝ մասնակցելու տարածաշրջանի պետությունների մասնատման ու թուլացման գործընթացներին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ամբողջովին հակաիրավական եւ անօրինական այս գործընթացն այսօր շարունակվում է նոր թափով ու սպառնալիքների եւ մարտահրավերների նոր փաթեթով ու տարածքների ներգրավմամբ: Սակայն վերջին գործողությունները իրականում աշխատում են որպես բումերանգ, եւ առաջացող խնդիրներն այս պարագայում արդեն կարող են վերաբերել ոչ թե Սիրիային, Իրաքին կամ Լիբանանին, այլ հենց Թուրքիայի Հանրապետությանը:
Ու քանի դեռ միջազգային հարաբերությունները շարունակում են կառուցվել կամային-քաղաքական եւ ոչ թե իրավական–քաղաքական հիմքերի վրա՝ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը մնալու է որպես մարդասիրական ճգնաժամերի, ագրեսիաների, բռնագաղթի, բնաջնջումների եւ այլեւայլ հանցագործությունների թիրախ ու թատերաբեմ:
Փաստ է, որ պատմական զարգացման բնականոն ընթացքը ոչ ոք չի կարող կանգնեցնել. անշուշտ փոփոխություններ լինելու են, սակայն դա չի նշանակում, թե այդ ամենը պետք է կատարվի «հրի ու ջրի միջով» ժողովուրդներին անցկացնելու եղանակով:
Լուծումը մեկն է ու միակը:
Վաղուց հասունացել է պահը՝ սկսելու միանգամայն իրավական եւ քաղաքական գործընթաց, որի նպատակը թուրքական զավթիչ ուժերի դուրս բերումն է Հայաստանին միջազգային իրավունքով պատկանող բռնագրավված տարածքներից, մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկիայից: Եվ սա պետք լինի նախաքայլ՝ հարգելու ու իրականացնելու տարածաշրջանի ժողովուրդներին՝ այդ թվում՝ հայերին ու քրդերին 1918-1920 թթ.-ին տրված իրավունքները: Միմիայն այսպես է հնարավոր հաստատել կայուն եւ երկարատեւ խաղաղություն ու խրախուսել համագործակցություն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների միջեւ:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
 30.01.2018 թ.