Առանց Սևրի Խաղաղության պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պահանջների իրագործման, Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն չի կարող հաստատվել

2018 թ. յունուարի 20-ին Երևանի Սմբատ Բիւրատի անուան Հանդիսութիւնների դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Պաշտպանության հանձնաժողովը եւ Ազատամարտի Վետերանների Միությունը համատեղ, հանդես գալով ելույթով, այս միտքն արտահայտեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանը:

«Հարգելի ընկերներ, այսօր համախմբվել ենք` նշելու 1920 թվականի հունվարի 19-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության «դե ֆակտո» ճանաչման 98-րդ տարեդարձը, Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ հոբելյանական տարեդարձները և մեծարելու հայ ազատարար զինվորին,- ասաց Ռադիկ Խամոյանը:


– Հայկական պահանջների և իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել են, դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվել Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այդ թվում՝ Հայաստան պետության «դե ֆակտո» և «դե յուրե» ճանաչումների վերաբերյալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպես նաև Հայաստան պետության անկախության ճանաչման 98-ամյակը: Այդ որոշումները տեղ են գտել նաև Սևրի Խաղաղության պայմանագրում և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռում:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագիր մշակելու և կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչև 1920 թ. հունվարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Սերբերի, Խորվաթների և սլովենների թագավորության, Ռումինիայի, Հեջազի և մյուս դաշնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խաղաղության հիմնական պայմանները ձևակերպում էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը և Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը։

1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները՝ Արևմտյան Հայաստանի հայերի կողմից Հայկական Ազգային պատվիրակությունը՝  Պողոս Նուբարի գլխավորությամբ, և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝  Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հուշագիր» հետևյալ բովանդակությամբ. Հայկական անկախ պետության ճանաչում՝ Արևմտյան Հայաստանի 7 նահանգների, Կիլիկիայի և Հայաստանի Հանրապետության տարածքներով։

1920 թվականի հունվարի 19-ին վեհաժողով հրավիրվեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Պողոս Նուբարը և Ավետիս Ահարոնյանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովը «դե ֆակտո» ճանաչում է հայկական պետության անկախությունը: Անկախության ճանաչումը ձևակերպված էր այսպես.

1) Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը որպես փաստացի կառավարություն,

2) որոշված է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը (դա թողնված էր հետագային):

Հայկական պահանջների և իրավունքների մասով 1920 թ. ընթացքում Փարիզի Խաղաղության վեհաժողովում և Սան Ռեմոյի Կոնֆերանսում (հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվեցին որոշումներ, որոնք հետագայում տեղ գտան ինչպես Սևրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռում և այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության «դե յուրե» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:

Իսկ արդեն մեր ժամանակներում, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի սկզբունքների և նորմերի համաձայն, ընդունված 13.09.2007 թ., ձևավորվել է Արևմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության համակարգը:

Հետագա աշխատանքների և ընդունված իրավական քաղաքական որոշումների ու հռչակագրերի հիման վրա ձևավորվել են Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետականության հիմքերը:

2011 թ. փետրվարի 4-ին սկսվել է Արևմտյան Հայաստանի կառավարության ձևավորման գործընթացը:

Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի օրենսդրական փաթեթի՝ հռչակագրերի, օրենքների, որոշումների ու հրամանագրերի ընդունման գործընթացի տրամաբանական շարունակությունը «Արևմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» հռչակագրի ընդունումն է (24.05.2013)»:

2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ը, ինչպես տեղեկացրեց բանախոսը, ամբողջ աշխարհում բնակվող Արևմտյան Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ իրականացրել են Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ, մասնակցել են 17 834 ընտրող, որոնք ընտրել են խորհրդարանի 64 պատգամավորի: Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների մանդատների հաստատումը, խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի անցկացումը և խորհրդարանի ձևավորումը տեղի են ունեցել 2014 թ. հունվարի 18-20-ը:

«2014 թ. հունվարի 20-ին խորհրդարանն ընտրել է նախագահ, նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածությունը, վարչապետը ձեռնարկել է կառավարության ձևավորումը,- ասաց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը:- Այսպես ամբողջացել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ձևավորումը:

Այսօր իրավաչափ և օրինական են այն կառավարությունը և այն պետական համակարգը, որի պատասխանատուներն են նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը:

Կարևորում ենք նաև այն որոշումները, որոնք վերաբերում են Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանական ուժերին: Դրանք հիմնված են`

ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի («Անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» մասին) վրա՝ ընդունված 1945 թվականի հունիսի 26-ին:

Արևմտյան Հայաստանի հայերի մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին որոշման վրա՝ ընդունված 2011 թվականին:

Արևմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի վրա՝ ընդունված 2012 թվականին:

ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետություններին, Սևրի Խաղաղության դաշնագիրը ստորագրած պետություններին ուղղված դիմումի, «Մերձավոր Արևելքի հայության ինքնապաշտպանության ուժեր կազմավորելու մասին» որոշման վրա՝ ընդունված 2014 թվականին:

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» որոշման վրա՝ ընդունված 2018 թվականի հունվարի 8-ին»:

Ինչպես նշեց բանախոսը, «պաշտպանական ուժեր» հասկացությունը մեզ համար արդիական է, որովհետև մեր հայրենիքի սահմանների մոտ ականատեսն ենք մեծ իրադարձությունների, պետությունների բախումների այնտեղ, որտեղ մեր հայրենակիցներն են, հայ ժողովրդի մասնիկներն են, գաղթօջախներն են: Խոսքը մասնավորապես Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների մասին է: Պարոն Խամոյանի համոզմամբ, մենք պարտավոր ենք մեր ներկայությունը, մեր վերաբերմունքը ցուցաբերել մասնավորապես Սիրիայում, Լիբանանում և աշխարհի մյուս գաղթօջախներում ապրող մեր հայրենակիցների պաշտպանական գործողություններին՝ լինի դա ճարտարապետության, լեզվի, գրականության, մշակույթի պաշտպանություն, թե անձի, որովհետև նրանք են, վերջիվերջո, մեր հայրենիք վերադարձողները, Հայաստան աշխարհ վերադարձողները:

«Հզորացնելով Հայաստանի Հանրապետությունը, հզորացնելով Արցախը, մենք ճանապարհ ենք բացում դեպի Արևմտյան Հայաստան,- ասաց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը:- Մենք որևէ այլ պետության նկատմամբ չունենք ոչ մի ակնկալիք, բացի մեր կորուսյալ, բուն հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ մեր ցանկություններից»:

Ամփոփելով իր խոսքը, Ռադիկ Խամոյանն ասաց, որ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու պայմաններից են ինչպես Սևրի Խաղաղության պայմանագրի և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պահանջների իրագործումը, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր այլ որոշումների իրականացումը կյանքում:

Միջոցառումն ավարտվեց հայրենասիրական ու հրաշալի երաժշտական կատարումներով, երգերով, իսկ մինչ այդ մի շարք երախտավորներ՝ ազատամարտիկներ, Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների մայրեր և այրիներ, հայրենիքի պաշտպանությանն իրենց մեծ ավանդը բերած սպաներ, մշակույթի գործիչներ և ուրիշներ, պարգևատրվեցին պատվոգրերով:

Արթուր Հովհաննիսյան

Noyan Tapan