Պետք է օգտագործենք բոլոր միջոցները` օգնելու համշենահայերին՝ վերադառնալու իրենց հայկական արմատներին. Սաիդա Օհանյան

ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում երեւանյան օրերի նիստերի ընթացքում հնչեցին հետաքրքիր ելույթներ, եղան գործնական ուշագրավ առաջարկություններ:

Համշենահայության խնդիրների եւ համագործակցության մասին է պատմում ՌԴ-ում «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից, «Համշենուհի» կանանց միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը:

Համշենահայերի ամենաստվար սփյուռքյան համայնքները գտնվում են Աբխազիայում եւ Ռուսաստանի սեւծովյան ափամերձ շրջաններում: Անշուշտ, համշենցիները դեռեւս կուռ բնակչությամբ ապրում են իրենց պատմական հայրենիքում՝ Համշենում:

Ռուսաստանի հարավային դաշնայն մարզում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության (ք. Դոնի Ռոստով) եւ Սոչիում հյուպատոսության մասնաճյուղի գործունեությունը, ինչպես նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը նպաստել են Հայաստանի հետ ռուսաստանաբնակ համշենահայության բազմակողմանի կապերի ամրապնդմանը: Իրավիճակը, հայտնի իրադարձությունների պատճառով, մի փոքր այլ է Աբխազիայում:

Եթե Ռուսաստանում եւ Աբխազիայում համշենահայերը բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյաներ են, եւ իրենց համարում են համշենահայության չիսլամացված մասի ժառանգները, ապա բոլորովին այլ պատկեր է բուն Համշենում, որտեղ համշենահայությունը բռնի կերպով իսլամացվել է, շատերը կորցրել են իրենց արմատներն ու ազգային ինքնությունը…

Հետեւաբար, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի օգնենք համշենահայ մեր քույրերին ու եղբայրներին՝ վերադառնալու իրենց հայկական արմատներին:

Այստեղ շատ ու շատ կարեւոր է զանգվածային լրատվության միջոցների դերը:

Ցավոք սրտի, համշենյան ԶԼՄ-ները, ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային, Աբխազիայում, Ռուսաստանում, Հայաստանում եւ բուն Համշենում փոքրաքանակ են, մասնավորապես, հայերեն լեզվով, որի հետեւանքով համշենահայերը քիչ տեղեկատվություն են ստանում իրենց խնդիրների եւ անելիքների վերաբերյալ: Այս իրավիճակի շտկումը պետք է դառնա օրվա գլխավոր հրամայականը, ինչպես համշենահայության սփյուռքյան կառույցների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության  համար:

Շատ կարեւոր ենք համարում ժողովրդական դիվանագիտությունը, Աբխազիայում եւ Սոչիում բնակվող համշենահայերի եւ պատմական հայրենիքում բնակվող համշենցիների ուղղակի շփումները: Վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել ճանաչողական փոխադարձ այցելությունները, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը եւ այլն:

Անկասկած, մեծ եւ անփոխարինելի է հատկապես հայ կնոջ դերը՝ խաղաղության պահպանման, լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների, կենցաղի եւ ընտանիքի վերականգնման հարցում: Հայ կինը մշտապես եղել է ոչ միայն օջախի պահապանը, այլեւ Հայրենիքի պաշտպանը, Ազատարար-զինվորի Մայրը:

Այս իմաստով մեծ դեր է ստանձնել 2012 թվականին ստեղծված «Համշենահայուհի» կանանց միջազգային միությունը:

Այս կարճ՝ 4-ամյա գործունեության ընթացքում միության կողմից իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպաստել են համշենահայության միջազգային համագործակցությանը: Եվ մենք երախտապարտ ենք ՀՀ սփյուռքի նախարարույթանը, անձամբ նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին՝ մեր կազմակերպության հանդեպ մշտական ուշադրության, աջակցության եւ բարի խորհուրդների համար:

Համշենահայության կյանքում նշանակալի իրադարձություն կլինի 2017 թվականին Սոչիում եւ Աբխազիայում անցկացվելիք համշենահայության միջազգային համաժողովը՝ «Համշենյանաշխարհմենք միասնական ենք» խորագրով, որի շրջանակում տեղի կունենան կոնֆերանսներ եւ մշակութային տարբեր փառատոներ: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ստեղծագործական խմբեր, մշակության եւ կրթական ոլորտի նշանավոր գործիչներ, պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգային ճանաչված լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Աբողջությամբ պատրաստ է ֆորումի ծրագիրը եւ արդեն իսկ համաձայնեցված՝ Աբխազիայի եւ Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ:

Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կաջակցի մեր նախաձեռնությանը եւ ֆորումն իրական տոն եւ ինքնության ճանաչման հարթակ կդառնա համշենահայության համար:

22/10/2016 / http://hayernaysor.am/archives/216527