Յուլիա Գյուլոյան, «Հայ ժողովրդի մշակութային ու հոգեւոր արժեքների յուրացումն ու ոչնչացումը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը՝ մարտահրավերներ եւ սպառնալիքներ»

Թուրքիայի նեոօսամանական քաղաքականության ժամանակակից ակնհայտ դրսեւորումներից մեկը հայ ժողովրդի հոգեւոր մշակութային արժեքների յուրացումն ու ոչնչացումն է: Քաղաքականություն, որ տեւական ժամանակ իրականացրին թուրքական կառավարությունները, լինի դա սուլթանական, երիտթուրքական, կամ քեմալական: Այն արտահայտվեց սարսափելի ձեւերով, հատկապես Հայերի ցեղասպանության տարիներին՝ 1894-1923 թթ., իրականացված թուրքական կառավարությունների կողմից՝ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ:

Եւ քանի որ մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ կատարված այդ սարսափելի հանցագործության դատապարտումն ու վնասի հատուցումը Միջազգային ընկերակցության կողմից ամբողջությամբ չկատարվեց, ապա ցեղասպանությունը շարունակվեց, շարունակվում է մինչեւ այսօր ընդունելով զանազան այլ ձեւեր, այդ թվում նաեւ որպես մշակութային ցեղասպանություն:

Այս համատեքստում է, որ պետք է ուշադրություն դարձնել քաղաքակրթական այդ ժառանգության հետագա ճակատագրին, որն այսօր հաճախ անվանում են «բնօրրան», նկատի առնելով, որ դա առնչվում է նրանց, ումից սկիզբ է առնում մեր աշխարհի ոգեղենությունը, մարդասիրությունը եւ մշակույթը:

Հայ ժողովրդին պատկանող հնագույն քաղաքակրթության, մշակութային ու հոգեւոր ժառանգության զգալի մասը, ցավոք սրտի, այսօր գտնվում է այն պետության ձեռքում, ով ինքն է իրականացրել չարագործությունը, ով աշխարհին մտածված կերպով ի ցույց է դրել իր բարբարոսական վերաբերմունքը այլ ժողովրդի մշակույթի, այդ արժեքները ստեղծողի նկատմամբ:

Ստիպված ենք արձանագրել, որ տեւական ժամանակ է ինչ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, «զարգացնելով» երիտթուրքերի ավանդույթները, հետեւողական եւ մեթոդաբար շարունակում է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

Ցեղասպանության տարիներին, 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբ, բնիկ հայ բնակչության հիմնական մասի ֆիզիկական ոչնչացումից հետո, սկիզբ է առնում հետեւողական մի գործընթաց՝ արմատախիլ անելու այն ամենը, ինչ կար եւ ընդունված էր համարել հայկական:

Անցնող դարի 28 թ.-ից սկսած անվանափոխության է ենթարկվում այն ամենը, ինչ պատմական է ու ազգային Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա: Հայկական տեղանունների ավելի քան 90 %-ը օտարված է, Արեւմտյան Հայաստանի աշխարհագրական անվանումները փոփոխված:

Հայ ժողովրդին պատկանող հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ վերածված են մզկիթների: Ավերվում է այն ամենը, ինչ ունի հայկական ծագում եւ կամ առնչված է հայերին, հայկական մշակույթին ու պատմությանը: Հուշարձանները, եկեղեցիները, ճարտարապետության գլուխգործոցները, որպես թիրախներ են գործածվում թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, ինչը վայրենաբարո է ժամանակակից ցանկացած պետության համար, եթե իհարկե խոսք չի գնում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ, ինչպես ԻՊ-ին է: Այն սակավաթիվ եկեղեցիները, որոնք դեռեւս կանգուն են մնացել, գործածվում են որպես ախոռ, պահեստ, կամ բանտ:

Ստեղծվում են նոր եւ կեղծվում այլազան պաշտոնական փաստաթղթեր, որոնք խրախուսում են կեղծ գիտական հրատարակությունների ծնունդը, որտեղ հայոց պատմությունը եւ մշակույթը կեղծվում է եւ կամ միտումնավոր անտեսվում: Ստեղծված է «տվյալների» մի ողջ համակարգ, այսպես կոչված՝ «օրինական վանդալիզմի», ոսկու անօրինական որոնումների եւ պեղումների: Թուրքիայի կառավարության հովանավորչությամբ՝ «ոսկեխույզներն» առանց բացառության ոչնչացնում են ամեն ինչ: Այն հուշարձանները, որոնք Թուրքիային չեն պատկանում, դրանք մարդկության սեփականությունն են: Նրանց կորուստը անփոխարինելի է: Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը Հայերի ցեղասպանության շարունակությունն է: Ֆիզիկական ոչնչացմանը հետեւեց մշակութային ցեղասպանությունը:

Բազմաթիվ օրինակներից մեջբերենք մի քանիսը:

Նեմրութ լեռան վրա հայ անտիկ աստվածների պանթեոն է: Այնտեղ են տեղադրված հայոց աստվածների՝ Արամազդի, Միհրի, Վահագնի, Անահիտի, Աստղիկի 8-9 մետրանոց արձանները: Նրանց շարքին Անտիոքոս առաջինի արձանը՝ տեղադրված հայ Երվանդունիների տոհմի այդ արքայի հիշատակին՝ մ.թ.ա. 62 թ.-ին: Այսօր թուրքերը յուրացրել են այդ ամենը եւ ներկայացնում են որպես իրենց սեփականը:

Հայկական լեռնաշխարհում Պորտասարը (Գեբեկլի Թեփե-թուրք.) տաճարական համալիր է, որ ներառում է նաեւ աստղադիտարան: Մեծ եւ հնագույն մեգալիթյան կառույցներից է, շուրջ 12 հազար տարեկան: Պորտասարը մեր ժամանակի ամենակարեւոր հայտնագործություններից է: Դա մարդու ձեռքով կառուցված առաջին տաճարն է: Եւ նա նույնպես թուրքական ձեւով անվանափոխված է:

Անի քաղաքը հայկական «ոսկեդարի» հուշարձան է: Անիի հայկական թագավորության հնագույն մայրաքաղաքը: «1001» եկեղեցիների քաղաքից մնացել են ավերակներ եւ նույնիսկ դրանք վանդալներն ավերում են: Թուրքերն անվանափոխել են Անին Անը-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով փորձում են դա ներկայացնել որպես Թուրքիայի մշակութային ժառանգություն:

Նրանք ձեռք են բարձացրել նաեւ բիբլիական արժեքների վրա, հայերի հիմնական խորհրդանիշներից մեկի, Արարատ լեռան, որ անվանափոխել են որպես Աղրը:

Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմաճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիան դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել է:

Որպես նեոօսմանականության քաղաքականության ժամանակակից դրսեւորում կարելի է դիտել Սսի Կաթողիկոսական համալիրը կաթողիկոսարանին վերադարձնելու մերժումը, ինչը նրանք յուրացրել են 20-րդ դարում ցեղասպանությունն իրականացնելու միջոցով:

Թուրքիայի ներկայի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արեւմտահայերենը հայտնվել է ոչնչացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում, քանի որ Արեւմտյան Հայաստանից բռնագաղթվածները հնարավորություն չունեն պատմական հայրենիք վերադառնալու եւ մայրենին այնտեղ գործածելու ու զարգացնելու, որպես իրենց բնական իրավունքի արտահայտություն:

Թուրքիայի վարած նեոօսմանականության ու ձուլման քաղաքականության հատկանշանական օրինակ է վերաբերմունքը համշենահայերի նկատմամբ, որոնք հիմնականում ենթարկվեցին բռնի մահմեդականացման: Շատերը կորցրին իրենց արմատներն ու ազգային ինքնությունը, չեն ընդունում իրենց հայկականությունը, իրենց անվանում են «հեմշիլներ»: Աղոթք կարդալիս արեւմտահայերենով (օրինակ՝ Հայր մերը) ոմանք էլ համոզված են, որ դա համշենական աղոթք է՝ թուրքերեն լեզվով:

Իսկ ճարտարապետական գոհարները, միջնադարյան համշենական կամարակապ կամուրջները՝ թուրքերը առանց ամոթի արձանագրում են, որպես իրենց ձեռքբերում: Եւ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները օգնելու մեր համշենահայ եղբայրներին ու քույրերին վերադառնալու իրենց հայկական արմատներին:

Հայկական գորգերը թուրքերը ներկայացնում են իբրեւ իրենցը, նույնիսկ եթե բերում են Հայաստանից եւ կամ կրկնօրինակում են դրանք, անկախ հայկական խորհրդանիշներից, գույներից եւ այլ…, պնդելով թե ներկայացվածը թուրք ժողովրդի ձեռբերումն է:

Նրանք այնքան անսկզբունքային ու անշնորք են, որ մեր հայրենասիրական երգն են յուրացրել՝ «Զարթիր լաո»-ն, աշխարհում միակ օրօրոցայինը, որտեղ մայրը որդուն քնեցնելու փոխարեն արթնացնում է՝ կոչելով պաշտպանել Հայրենիքը, երգ՝ որով մեր ֆիդայիներն ու մարտիկներն են կռվի ելել: Թուրքական ֆուտբոլային ակումբն այն յուրացրել է եւ գործածում է որպես հիմն, բնականաբար փոխելով բառերը թուրքերենով:

Հնագույն հայկական խոհանոցը նույնպես «կողոպտվել» է հարեւանների կողմից, ինչը դյուրին է ապացուցել, եթե անդրադառնանք ակունքներին՝ ուսումնասիրելով, թե ինչից եւ ինչպես է պատրաստված կերակուրը:

Բերենք հացահատիկի օրինակը, թեեւ կարող ենք եւ այլ օրինակների դիմել: Հացահատիկի 3-4 տեսակներ համարվում են բուն հայկական: Հայտնի է, որ հացահատիկի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հայերն են, որ հնուց զբաղվել են հացահատիկի մշակմամբ: Բլղուր, փոխինձ, կորկոտ, ձավար, աճառ… եւ այս ամենը այլազան ձեւերով մշակվելով խմորի հետ օգտագործվում է հայկական խոհանոցում: Բոլոր այն կերակրատեսակները, որոնք թուրքերը եւ այլ հարեւաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «օժանդակությամբ» ճգնում են յուրացնել, իրականում բուն հայկական ստեղծագործություն են, որովհետեւ ունեն պատրաստության մաքուր հայկական եղանակ՝ թոնրի մեջ, եւ ունեն հայկական անվանումներ: Այդ ամենը վերաբերում է նաեւ լավաշին ու մատնաքաշին:

Ինչպես կանխագուշակում են շատերը, «քաշիկ» ազգային կերակուրից հետո (քաշել խոսքից), թուրքերը կցանկանան յուրացնել թոնիրը, որը Արեւին երկրպագելու ժամանակներից ի վեր հայերի համար Արեւի խորհրդանիշն է երկրի վրա: Թոնիրն ունի մի քանի գործառույթ, բացի նրանից որ վառարան է կերակուր պատրաստելու, նաեւ տաքացնում է կացարանը, բուժում է հիվանդությունները եւ այլն:

Այն ամենը ինչ ներկայացվեց վերեւում կատարվում է ցուցադրելու համար, որ թուրքերը բնակչության գլխավոր տարրն են Հայկական լեռնաշխարհում: Սակայն որքան էլ ջանան կեղծել իրենց պատմությունը, վճարել ամենատարբեր լոբբիստական կազմակերպություններին, միեւնույնն է դա չի ստացվում անել, պատմությունը հիշում է քոչվորներին, որոնք բռնազավթեցին այլոց հողերը, յուրացրին նրանց ունեցվածքը եւ մշակութային արժեքները:

Թուրքիայի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: Ժամանակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին պահպանելու պատմական արդարության սկզբունքները, իրավունքները, էթիկայի նորմերը եւ ոչ այնպես, ինչպես հիմա՝ գործածելով երկակի սկզբունքներ: Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների բարեխիղճ մասնագետները կկասեցնեն շարունակվող վանդալիզմը եւ կսկսեն աշխատել հաճոյք ստանալով իրական պատմագրության ուսումնասիրությունից, այլ ոչ թե մտածածին, կամ նրանց ներկայացված որպես իրական: Դա ոչ միայն Հայ ժողովրդի պատմությունն է, այլեւ համաշխարհային, ողջ մարդկության հոգեւոր մշակութային ժառանգությունը:

Յուլիա Գյուլոյան՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ,

«Համշենուհի» Համշենահայերի կանանց միջազգային միության մշակույթի հանձնաժողովի ղեկավար, նախագահության անդամ

 (Հատուկ զեկույց Մերձավոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը` մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայելի ճանաչված քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ: 17.11.2016 թ.)

 *****

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության