Դավիթ Խինոյեվի 70-ամյա Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձը

Շնորհավորական ուղերձ

 Հարգելի ընկերներ

Այսօր՝ 2022 թ. սեպտեմբերի 22-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, սփյուռքի հասարակական – քաղաքական գործիչ, Ռուսաստանի «ԱՍՈՐԵՍՏԱՆ» հայրենասիրական շարժման նախագահ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր ԴԱՎԻԹ ԽԻՆՈՅԵՎԻ ծննդյան օրն է՝ 70-ամյա Հոբելյանը:

 Դավիթ Խինոյեվը այն վեհ ու առինքնող կերպարն է, ով իր 70 տարիների ընթացքում բոլորի համար դարձել է հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ ժողովուրդների միջև բարեկամության պայծառ օրինակ:

Լինելով ծնունդով հայկական հինավուրց Դվին քաղաքից, ասորի ժողովրդի եւ հայրենասեր մտավորականության վառ ներկայացուցիչ ու լինելով հնագույն քաղաքակրթություններից մեկի հետնորդը, Դավիթ Խինոյեվն ապրում է Հայրենիքի՝ Ասորեստանի կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատն այն բանի նկատմամբ, որ գալու է վերջապես արդարության հաստատման եւ իր պատմական հայրենիքի ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես ասորական օջախի պահապան եւ ընտանիքի հայր, Ասորեստանի պատմության խոշոր հետազոտողներից մեկը՝ նա այդ վսեմ զգացումները ու գիտելիքները փոխանցում է իր զավակներին եւ  աշակերտներին, ովքեր այսօր ապրում են այս բարձր արժեքներով։ Դա իր հոգու թելադրանքն է։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Քաղաքացին։

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ հասարակական գործունեությունը ի նպաստ Հայրենիքի, ասորի և հայ ժողովուրդների, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Դավիթ Խինոյեվին 70-ամյա Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

22.09.2022 թ.