VIDEO – Սերժ Սարգսյան. Ես կարծում եմ՝ նա (Փաշինյանը) հաղթել է ընտրություններում, սակայն շատ հարցեր են ծագում

Այո, ես կարծում եմ, որ նա (Նիկոլ Փաշինյանը) հաղթեց ընտրություններում, սակայն այս հաղթանակի հետ կապված շատ հարցեր են ծագում: Այս մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում:

Նման հարցերի շարքում նա նշել է ընտրական օրենսգրքի փոփոխությունը քվեարկությունից մեկուկես ամիս առաջ, վարչական ռեսուրսների օգտագործումը, դաշինքի ակտիվիստների ձերբակալություններն ու խուզարկությունները, սպառնալիքները: «Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ մի երկրում, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որի մի մասը օկուպացված է հարեւան երկրի կողմից, որի մեծ թվով զինվորներ եւ սպաներ գտնվում են գերության մեջ, մի երկրում, որտեղ դեռ հողին չեն հանձնվել բոլոր զոհերի աճյունները… Ընդհանրապես, այս երկրում ընտրություններ անցկացնելը սխալ է:

 

Սակայն, ցավոք, ընդդիմությունը համաձայն չէր այս հարցում: Շատերը, ելնելով իրենց անձնական պատկերացումներից, որոշեցին գնալ ընտրությունների: Եվ մենք ստիպված էինք մասնակցել այդ ընտրություններին… Մենք ակնկալում էինք կոնկրետ խախտումներ, բռնաճնշումներ, որոնց իրականում ականատես եղանք վերջին երկու օրվա ընթացքում: Իսկապես մեծ է եղել ճնշում մեր ակտիվիստների վրա՝ սկսած ապօրինի խուզարկություններից եւ ձերբակալություններից, որոնք արձանագրվեցին դատարանների կողմից, քանի որ դատարանները առանց բացառության ազատ արձակեցին գրեթե բոլորին»:

News.am