ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: 13 ապրիլի 2021թ․ (Մոսկվա-Փարիզ-Վաշինգտոն)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
Համանախագահները գոհունակությամբ նշում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, հայտնում, որ ուշադիր հետևում են նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնության իրականացմանը: Համանախագահները ողջունում են զոհերի աճյունների վերադարձի հետ կապված զգալի քայլերը և հակամարտության հետևանքով տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության և կյանքի համարժեք պայմանների ապահովման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:
Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ հարկավոր են լրացուցիչ ջանքեր` դեռևս մտահոգության տեղիք տվող հարցերը լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանք ի թիվս այլ հարցերի ներառում են՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը (միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան), հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը և պաշտպանությունը, հակամարտությունից տուժած համայնքների, ինչպես նաև մարդկանց միջև վստահության ամրապնդման այլ միջոցառումների համար անմիջական շփումների և համագործակցության խթանումը:
Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի պահանջները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա՝ համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին քաջ հայտնի սկզբունքների հիման վրա:
Այս առումով hամանախագահները կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը Համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող հստակ կառուցված օրակարգ՝ առանց նախապայմանների:
Համանախագահները հայտնում են նաև իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքների շարունակման ու այդ առաքելության հնարավոր ընդլայնման վերաբերյալ և կոչ են անում կողմերին լիարժեք մուտքի հնարավորություն ու աջակցություն ապահովել այս ջանքերի մասով։ Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Այս առումով Համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան։