«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյան. «Հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ»

Նախապատրաստվում է արտադատական փորձագիտական եզրակացություն ՄԻԵԴ դիմելու համար

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ մինչ օրս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շարունակվում են հայերի նկատմամբ ավելի քան մեկ դար տեւող ցեղասպանությունն ու էթնիկ զտումների քաղաքականությունը։

Բազմաթիվ են Արցախի Հանրապետությունում իրականացված ռազմական հանցագործությունների փաստերը զինծառայողների եւ խաղաղ բնակչության նկատմամբ։ Ադրբեջանի կողմից ոչնչացվում եւ յուրացվում է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, այսինքն՝ իրականացվում է կուլտուրոցիդ։
Ադրբեջանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ դիմելու համար Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավադատական ու գիտական կենտրոնը պատրաստում է արտադատական փորձագիտական եզրակացություն։ Այն ներառելու է ինչպես ռազմական ագրեսիայի, այնպես էլ խաղաղ նախապատերազմյան եւ հետպատերազմյան ժամանակներում Արցախի Հանրապետության եւ ուղղակիորեն Արցախի Հանրապետության հայ բնակչությանը Ադրբեջանի Հանրապետության կողմից հասցված նյութական եւ ոչ նյութական վնասի կվալիմետրիկ (որակական) գնահատում, համապարփակ փորձագիտական հաշվառում եւ վերլուծություն:
Եզրակացության նպատակն է նաեւ բարձրաձայնել եւ ներկայացնել Ադրբեջանի իրականացրած «սահմանազատման եւ սահմանագծման» ապօրինությունը, ոչ լեգիտիմությունն ու անընդունելիությունը, որով որոշվում է ՀՀ եւ Ադրբեջանի Հանրապետության պետական ներկայիս սահմանն առանց երկկողմ միջազգային համաձայնագրի, միայն ԽՍՀՄ-ի եւ ՀՀ վարչատարածքային բաժանման հիման վրա, ինչպես նաեւ օտարերկրյա մասնավոր ընկերության GPS համակարգի միջոցով։ Այդ ամենի հետեւանքով ՀՀ Սյունիքի եւ Տավուշի մարզերի համայնքների տարածքների մի մասը եւ Գորիս-Կապան մայրուղու մի մասը փոխանցվում են ագրեսոր պետությանը։

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը, հատկապես Ադրբեջանի ԽՍՀ-ի անօրինական եւ արհեստական բաժանումները չեն կարող հիմք լինել պետական սահմանի սահմանազատման համար, քանի որ այն առաջացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայերի բնաջնջման, էթնիկական զտումների եւ տեղահանության քրեածին քաղաքականության հետեւանքով: Եվ ամենակարեւորը՝ հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ (ex injuria non oritur jus):
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է նախաձեռնության հեղինակ, տնտեսագիտության եւ խաղաղության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի հետ։ Վերջինս նաեւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական գիտական կենտրոնի, ՌԴ կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի, Անկախ գնահատողների, ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավարն է, Մոսկվայի Վերահսկչական-հաշվիչ պալատին կից փորձագիտական խորհրդի անդամը։

Մ. Գասպարյանը կարեւորում է հայագիտության ոլորտում եւ հայկական մշակույթին հասցվող վնասներին համարժեք պատասխան տալը։ Այդ նպատակով նա մշակել է պատմամշակութային ժառանգության գնահատման եւ մշակութային ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի հատուցման հարցում կվալիմետրիկ մեթոդիկան։ «Դա նորություն է գիտության մեջ։ Մշակվել է ունիվերսալ մեթոդոլոգիա մեր մշակութային արժեքների գնահատման համար՝ սկսած եկեղեցիներից, խաչքարերից եւ այլն։ 1915 թ. Արեւմտյան Հայաստանում եղել են 2120 եկեղեցիներ եւ վանքեր, ունիվերսալ մեթոդիկայով ստանում ենք մեր կորուստները։

Առանձնահատուկ նշանակություն ունի մեր արիալը որպես հոգեւոր արժեք։ Ցեղասպանության մասին խոսելիս պարտավոր ենք բարձրաձայնել նաեւ տնտեսական եւ մշակութային բաղադրիչների մասին։ Դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ մեր մշակութային արժեքների լիարժեք գույքագրում՝ ինվենտարիզացիա։ Մեզ փորձում են կտրել մեր անցյալից, իսկ մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին ներկայացնել մեր մշակույթն ու պատմությունը»,- ասաց նա։

Մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների եւ մեր պատմության խեղաթյուրումների դեմ պայքարելու համար զրուցակիցս, նրա գործընկերներն ու այդ խնդիրներով մտահոգ հայերը վերականգնել են ՌԴ գիտությունների ակադեմիային կից գործող հայկական բաժանմունքը, որը երկար ժամանակ չէր գործում։ Դրա համար առիթ էր դարձել վերջերս Էրմիտաժում նումիզմատիկային նվիրված գիտաժողովը, որտեղ 2 ելույթ նախատեսված է եղել Արեւելյան Հայաստանի նումիզմատիկայի թեմատիկայով։ «Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի թանգարանի տնօրենությունը դիմել է Էրմիտաժին եւ անձամբ Պիատրովսկուն, եւ արդյունքում գիտաժողովի կազմկոմիտեն շատ հեշտությամբ փոփոխություններ է մտցնում անվանումների մեջ՝ դարձնելով Էրիվանի խանություն, Գյանջայի խանություն, Ղարաբաղի խանություն։

Դա առիթ եղավ, որպեսզի մենք լիովին վերականգնենք Ռուսաստանում հայկական գիտական հարթակը եւ դրա միջոցով կարողանանք պատասխանել այդ կոնֆերանսում ծագած խնդրին, հետագայում առաջացող հայագիտությանն ու մեր մշակույթին ուղղված մարտահրավերներին»,- մանրամասնեց Գասպարյանը՝ հավելելով, որ նման դեպքերը քիչ չեն, ինչպես, օրինակ, այն, որ Ադրբեջանի դեսպանի հորդորով փոփոխություններ են արվել դասագրքերում, եւ Արեւելյան Հայաստանը դարձել է «Էրիվանի խանություն»։ Այդ հարցով հայկական գիտական կենտրոնը դիմել է ՌԴ կրթության նախարարություն՝ իրավիճակը շտկելու ակնկալիքով։

Մ. Գասպարյանի խոսքերով՝ այսօր մեր երկրի անվտանգության, լինելության հարցն է դրված։ Աշխարհում ամեն ինչ փոխվում է, ներկայումս բազմաթիվ վտանգներ եւ մարտահրավերներ կան, որոնց պետք է դիմագրավել՝ սկսած էկոլոգիական, առողջապահական խնդիրներից մինչեւ կուլտուրոցիդը։ «Վերացվում եւ խեղաթյուրվում են անցյալը, մարդկանց հիշողությունը։ Հեռանում են ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք հենց այդ հիշողության կրողն են, եւ արդյունքում հասարակությունը վերածվում է ամբոխի, իսկ ամբոխին հեշտ է կառավարել։ Այսօր նաեւ տեղեկատվական տեռորիզմ է, մեր օրերի պատերազմական գործողությունների 80 տոկոսը ինֆորմացիոն են։ Մենք բոլորս այդ միջավայրի մեջ են»,- ընդգծեց Նոբելյան մրցանակի հավակնորդը։ Նա ափսոսանք հայտնեց, որ ժամանակին թուրքերի նկատմամբ չկայացավ Վերսալի տրիբունալը, ինչպես հետագայում եղավ Նյուրնբերգը։ Գասպարյանը վստահ է, որ անպատժելիության արդյունքում կայացավ եւ ամրապնդվեց թուրքական ցեղասպան մեքենան, որը մեր օրերում իր ցեղասպանական գործունեությունն է իրականացնում Լիբիայում, Կիպրոսում, Արցախում, Սիրիայում եւ այլուր. «Ներկայումս Հայաստանի եւ հայերի հանդեպ իրականացվող գործընթացներով փորձում են փակել Հայկական հարցը»։

Անգամ խորհրդային տարիներին այդ գործընթացը տեղի էր ունենում, երբ Բուլղարիայից, որը համարվում էր Խորհրդային Միության 16-րդ հանրապետությունը, տեղահանվեց 300 հազար հայ, եւ արդյունքում քայքայվեց տեղի հայկական համայնքը։ Նկատենք, որ լիբանանյան քաղաքացիական պատերազմը նույնպես թուրքական կառավարության կողմից էր ֆինանսավորվում, սա նույնպես բացասական ազդեցություն ունեցավ Լիբանանի հայ համայնքի համար։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ