ԱՄՆ-ն ցանկանում է Եփրատի արեւելյան ափին քվազիպետություն ստեղծել. Լավրով

ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայում տարածք առանձնացնել Անդրեփրատում եւ այնտեղ ստեղծել առանձին քվազիպետություն, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փարիզյան երկրորդ Խաղաղության համաժողովում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանք Եփրատի արեւելյան ափին ամեն ինչ անում են այն նպատակով, որ ստեղծեն քվազիպետական կառույց եւ Ծոցի երկրներին խնդրում են այնտեղ մեծ ներդրումներ անել, որ Սիրիական դեմոկրատական ուժերի, քրդերի՝ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների եւ այլոց հիմքի վրա ստեղծվի տեղական վարչակազմը, այս հատվածը Սիրիայից անջատելու եւ այնտեղ գտնվող նավթային հանքավայրերը վերահսկելու հստակ մտադրությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ընդ որում՝ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին արգելում է ներդրումներ կատարել Սիրիայի վերականգնման գործում: «Երկրի վերականգնման մասին խոսելիս մենք հրավիրելով բոլորին՝ սիրիական կառավարության հետ համատեղ աջակցում ենք փախստականների վերադարձի համար ենթակառուցվածքների արդիականացման պայմանների ստեղծմանը, որ երկիրը կարողանա վերադառնալ նորմալ կյանքի: Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է դրա անհրաժեշտությունը եւ ՆԱՏՕ-ի, Եվրամիության, տարածաշրջանի երկրների իր դաշնակիցներին արգելում կառավարության վերահսկած տարածքում որեւիցե նախագծում ներդրումներ կատարել»,- շեշտել է նա: