«

»

Արմեն Տեր-Սարգսյան.«Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ»

(Հատուկ զեկույց Մերձավոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը` մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայելի ճանաչված քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ:)

Թուրքիայի Հանրապետության վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը, ըստ էության, Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության 1894-1923 թթ. վարած քաղաքականության կրկնությունն է եւ դրանով իսկ սպառնալիքներ ու մարտահրավերներ պարունակող խիստ վտանգավոր քաղաքականություն Թուրքիայի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդների եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար:

Օսմանյան կայսրությունը պատմության մեջ հայտնի է որպես ժողովուրդների հանրաբանտ: Դրանով իսկ Օսմանյան կայսրությունը հարյուրամյակներ շարունակ արգելափակեց կայսրության տարածքում ապրող ժողովուրդների ազատության եւ քաղաքակրթական զարգացման հնարավորությունն ու բնական իրավունքը: Սակայն իրավիճակը շատ ավելի սրվեց ու վատթարացավ, երբ 19-րդ դարի առաջին կեսից կայսրությունը որդեգրեց սկզբում պանօսմանիզմի, ապա 1873-74 թթ.-ից նաեւ պանթուրքիզմի քաղաքականությունը:

Դա հանգեցրեց կայսրության մեջ ապրող ժողովուրդների, առաջին հերթին քրիստոնյաների, ցեղասպանությանն ու բռնագաղթին: 1916-1923 թթ. ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվեցին հույները, 1914-1923 թթ. ասորիները, իսկ ամբողջ 1894-1923 թթ. ընթացքում՝ հայերը: Ավելի քան 30 տարի տեւած եւ 19-րդ դարի վերջը ու 20-րդ դարի սկիզբը ընդգրկած մեծագույն հանցագործության հետեւանքում, որ իրականացրին թուրքական երեք իրար հաջորդող կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, հազարամյակներ շարունակ Բնօրրան Հայրենիքում՝ Հայկական Լեռնաշխարհում ապրող ավելի քան 1.5 միլիոն հայեր ցեղասպանության ենթարկվեցին, նույնքան էլ բռնագաղթի ու աքսորի, հարյուրհազարավորներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, բռնի մահմեդականացման:

Հայերի ցեղասպանությունը առաջինը դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին այն որակելով, որպես «Հանցագործություն՝ մարդկայնության դեմ», տեղեկացնելով, որ դրա «կազմակերպիչներն ու իրականացնողները ենթակա են լինելու քրեական պատասխանատվության»: Հետագայում աշխարհի առաջադեմ շատ պետություններ ճանաչեցին ու դատապարտեցին թուրքական իշխանությունների հրեշավոր հանցագործությունները: Ճանաչման ու դատապարտման այդ գործընթացը շարունակվում եւ այսօր: Հատկանշական է, որ նույնիսկ թուրքական պետությունը Կոստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանում 1919-20 թթ. իրականացրեց երիտթուրքական կառավարության պարագլուխների դատավարությունը, նրանցից շատերի համար մահվան դատավճիռներ արձակելով:

Եթե 19-րդ դարի վերջին ծնունդ առավ Հայկական Հարցը, ապա հայկական իրավունքների հարցում, այդ թվում՝ Հայաստան պետության վերաբերյալ որոշումները կայացվեցին 20-րդ դարի սկզբին՝ 1918-1920 թթ.:

Հիշենք դրանք:

  • 1918 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի Կառավարությունը ընդունեց «Թուրքահայաստանի մասին» Դեկրետը («Արեւմտյան Հայաստանի մասին»),
  • 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը,
  • 1920 թ. մայիս 11-ին Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե յուրե(de jure) ճամաչեց Հայաստան պետության անկախությունը,
  • 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի խաղաղության պայմանագիրը, որի 88-93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանին,
  • 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ:

Ներկայի Թուրքիայի Հանրապետության իշխանությունները ոչ միայն շարունակում են Հայերի ցեղասպանության ժխտողականության քաղաքականություն վարել, ոչ միայն մերժում են ճանաչել հայերին ու Հայաստան պետությանը 1918-1920 թթ. ընթացքում տրված իրավունքները, այլեւ կրկին որդեգրելով ու շարունակելով նախորդ թուրքական կառավարությունների պանօսմանիզմի ու պանթուրքիզմի քաղաքականությունը՝ նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ են ստեղծում հանրապետության մեջ եւ, դրանից դուրս, տարածաշրջանում ապրող ժողովուրդների ու պետությունների համար:

Թուրքիայի Հանրապետության նեոօսմանական քաղաքականության սպառնալիքն ամբողջությամբ ի հայտ եկավ Մերձավոր Արեւելքում` Իրաքի ու Սիրիայի պատերազմների ժամանակ, երբ հանրապետության իշխանությունը սկսեց բացահայտ աջակցել սիրիական ընդդիմությանը, այդ թվում՝ ծայրահեղ ընդդիմադիր խմբավորումներին: Դրանք հանգեցրին Սիրիայի հյուսիսային տարածքներ ներխուժման, Հալեպում հումանիտար աղետի բռնկման, բռնի տեղահանվածների հարցով Եվրոպային ահաբեկելու գործողություններում:

 Եւ միանգամայն ճիշտ նշեց Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ 24 նոյեմբեր 2015 թ.-ին Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ռմբակոծիչ ՍՈՒ-24-ի խոցումը Թուրքիայի կողմից՝ որակեց որպես «…հարված թիկունքից, որ մեզ հասցրին ահաբեկիչների աջակիցները»:

 Հատկանշական է, որ 9 նոյեմբեր 2016 թ.-ին Եվրահանձնաժողովն իր տարեկան զեկույցում Թուրքիային մեղադրել է այն բանում, որ այդ երկրում տարածվում են հայտարարություններ, որոնք ատելություն են սերմանում հայերի նկատմամբ, հրապարակվում են ելույթներ ու սպառնալիքներ, ուղղված բնիկ ժողովուրդների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ: Առանձին շեշտված է, որ «Թուրքիայի իշխանությունները շարունակում են կոշտ արձագանքել Հայերի ցեղասպանության ճանաչման փաստերին այս կամ այն երկրում»: Եվրահանձնաժողովը Թուրքիային նաեւ մեղադրել է Լեռնային Ղարաբաղում 2016 թ-ին ապրիլյան չորսորյա պատերազմում Ադրբեջանին բացահայտորեն աջակցելու մեջ: Եւ «այս ամենը խորը մտահոգություններ է առաջացնում», – ասված է զեկույցում:

Ինչպես նաեւ, Արցախյան պատերազմի օրերին, որտեղ Թուրքիայի Հանրապետության ներկայի ղեկավարությունը փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իր իրական նպատակներից ու գործողություններից, ինչպես նաեւ անխուսափելի պատասխանատվությունից, ձգտում էր Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերված ապրիլյան չորսօրյա ագրեսիայի միջոցով այդ խնդիրները մոռացության տալ ու փոխանցել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններ: Ավելորդ է ասել, որ դրանք չեն հաջողվի իրականացնել եւ ամեն ինչ կավարտվի այնտեղ, որտեղ սկսվել է, այդ թվում Արեւմտյան Հայաստանում՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ:

Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ 1920 թ. կնքված Սեւրի խաղաղության պայմանագիրը, ըստ էության, խաղաղության պայմանագիր է եւ դա վավերացնելու, դրա բոլոր որոշումները հարգելու եւ իրականացնելու միջոցով է հնարավոր Մերձավոր Արեւելքում հաստատել կայուն խաղաղություն ու իրական համագործակցություն:

Սեւրի խաղաղության պայմանագրի առաքելությունը տարածաշրջանի համար ավարտված չէ: Հայերի, ասորիների, հույների, ալեվիների, արաբների, քրդերի ու նույնիսկ թուրքերի իրավունքները հարգելով եւ դրանք իրականացնելով է հնարավոր տարածաշրջանում հասնել իրական արդարության ու խաղաղ գոյակցության:

Ուստի, տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքի իրականացման միջոցով է միայն հնարավոր իրականացնել այնքան սպասված խաղաղություն եւ խաղաղ համակեցություն տարածաշրջանում, այդ թվում՝ հայերին եւ Հայաստան պետությանը վերաբերող Սեւրի խաղաղության պայմանագրի հոդվածները եւ Վիլսոնյան Իրավարար վճիռը կյանքի կոչելու միջոցով:

Այլ ճանապարհներ, այդ թվում՝ նեոօսմանիզմի քաղաքականության շարունակումը Թուրքիայի Հանրապետության կողմից խիստ վտանգավոր սպառնալիքներ ու մարտահրավերներ է պարունակում տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար:

Դեռեւս ունենք հնարավորություն խուսափելու դրանից, ունենք հնարավորություն հարգելու միմյանց իրավունքները եւ խաղաղ ճանապարհով կյանքի կոչելու դրանք: Շտապենք, այլապես վաղը ուշ է լինելու: Մենք հավատում ենք, որ այս դեպքում առողջ բանականությունն ու բարի կամքն են հաղթելու:

Արմեն Տեր-Սարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

17.11.2016 թ.

***

 Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության

Please follow and like us: