Մոդեստ Կոլերով. “Թուրքիան թաղեց ցյուրիխյան արձանագրությունները, Հայաստանը ռիսկի չի դիմում՝ դրանք առոչինչ հայտարարելով. վերլուծաբան”

Թուրքիան փաստացի զոհաբերեց հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները Ադրբեջանի հետ հարաբերությունների պատճառով: Tert.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Նա նշեց, որ այդ արձանագրությունները Թուրքական քաղաքականության հետևանքով ձախողման մատնվեցին: «Թուրքիան, ըստ էության, թաղեց այդ արձանագրությունները, ուստի Հայաստանի որոշումը՝ առոչինչ հայտարարել դրանք, տրամաբանական է, դա իրերն իրենց անուններով կոչելու հորդոր է»,- ասաց վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են հայտարարվելու Հայաստանի կողմից մինչև 2018-ի գարուն: Հայաստանը հետ է կանչելու իր ստորագրությունն այդ արձանագրություններից: Ավելի վաղ, Սերժ Սարգսյանը հետ էր կանչել այս արձանագրությունները խորհրդարանից՝ նշելով, որ ժամանակն է «գրողի ծոցն» ուղարկել դրանք:

 Մոդեստ Կոլերովի խոսքով՝ Հայաստանի որոշումը չի փոխում հայ-թուրքական ներկայիս հարաբերությունները, այն ավելի վատ չի անդրադառնա հարաբերությունների վրա, որոնք գոյություն չունեն:

«Այդ արձանագրությունների իրականացման ընթացքը սառեցվեց Թուրքիայի կողմից: Թուրքիայի համար դրանք որևէ իմաստ չունեին ու չունեն»,- շեշտեց վերլուծաբանը:

Կոլերովը նկատեց, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան բազմիցս ներկայացրել է նախապայմաններ, փորձել է ընդլայնել այն՝ ներառել հարցեր, որոնք չեն եղել փաստաթղթում: Վերլուծաբանն ասաց, որ Թուրքիան այդպիսով անօրինաբար փորձել է փոխել բանակցությունների ընթացքը:

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եղել է ԱՄՆ միջնորդությամբ, բայց փոխվել են Միացյալ Նահանգների իշխանությունները, փոխվել է նաև նրանց վերաբերմունքն այս գործըթնացին:

«Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական ճնշման արդյունքում: Ներկայումս ԱՄՆ-ում այլ իշխանություններ են, Քլինթոնը արմատական ընդդիմություն է իրեն համարում գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Իսկ ցյուրիխյան արձանագրությունները Քլինթոնի իշխանության տարիների ժառանգություն է և, ըստ այդմ, հին ու նոր վարչակարգերի համար այս գործընթացը տարակարծությունների հարթակ է: Ես չեմ կարծում, որ Թրամփը Քլինթոնի նախաձեռնությունները պաշտպանելու ջատագովներից է»,- նշեց Մոդեստ Կոլերովը:

Վերլուծաբանը նշեց, որ Հայաստանը ռիսկի չի դիմում այս արձանագրությունները առոչինչ հայտարարելով: «Եթե ԱՄՆ-ն ցանկանա պահպանել այս արձանագրությունները, ապա կունենա առիթ հայտարարել դրա մասին»:

Նա նաև նկատեց, որ այն ժամանակ, երբ հայ–թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը նոր էր սկսվել, ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, բայց ներկայումս այդ հարաբերությունները լարված են ու ԱՄՆ-ն չունի ռեսուրսներ, լծակներ՝ ճնշելու Թուրքիային:

Հարցին՝ ի՞նչ դեր կարող է ունենալ Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Կոլերովը պատասխանեց, որ Ռուսաստանը պաշտոնական տեսանկյունից կարող է ափսոսանք հայտնել, որ ցյուրիխյան արձանագրություններն առոչինչ են հայտարարվում, որովհետև ՌԴ ԱԳ նախարարը ներկա էր դրանց ստորագրման ժամանակ, բայց դրանք գոյություն չունեն, չեն գործում, ուստի ավելին ՌԴ-ն անել չի կարող:

Tert.am