Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը այնքան նուրբ ու պատասխանատու դաշտում ու ոլորտում է, որ այն չի կարող իրականացվել անօրինականությունների ու ապօրինությունների ճանապարհով: Առանց այդ էլ գոյություն ունեցող խոչընդոտներն ու արգելքները շատ են, հաճախ անտեսանելի ու բազմաշերտ:

Այդ իմաստով պատասխանատու այն ժամանակաշրջանը, որ մենք միասին անցանք 2014 եւ 2017 թթ. ընթացքում, վճռական էր օրինականության ու իրավականության դաշտում գործելու եւ պայքարը այդպես շարունակելու տեսակետից:

Հիշեցնենք, որ հանդես բերելով քաղաքացիական, քաղաքական կամային բարձր հատկանիշներ ու որակներ, 2017 թ. հունիսի 11-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում պատգամավորները կայացրեցին որոշումներ, որոնք սկզբունքային նշանակություն ունեին ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին, պահպանելու համակարգի թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան ազատությունը, անկախությունը, լիակատար համագործակցությունը, պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից:

Այսուհետ եւս, գործելով իրավունքի ու օրինականության դաշտում, վճռական ենք շարունակելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործը եւ համոզված ենք, որ միայն այդպես կարելի է հաջողության հասնել:

Բարձր գնահատելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի բոլոր պաշտոնյաների ու պատգամավորների, գործընկերների ու ընկերների, համակիրների ու համախոհների մասնակցությունը՝ սրտանց շնորհավորում ենք նրանց ու մեր ժողովրդի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

Վճռական ենք միասին շարունակելու պայքարը, եւ հաղթանակը մերն է լինելու:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 

01.01.2018 թ.

Please follow and like us: