ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 17 դեկտեմբեր 2004 թ. Հռչակագրի ա) Կետի Արեւմտյան Հայաստանը (Հայրենիք) պետք է ունենա իր պետական դրոշը, զինանշանը եւ օրհներգը։ Ելնելով սույն Հռչակագրի դրույթներից՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշեց հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նոր դրոշը։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը քառագույն է։ Կենտրոնում երկու խորհրդանշաններն են՝ մուգ կապույտ ութանկյան մեջ՝ ծիրանագույն հավերժության ութաթեւ նշանը, որոնք իմաստավորում են տիեզերական ներդաշնակությունը։

Ութանկյան չորս գագաթներից` սկիզբ առնող մուգ կապույտ ճառագայթները ձգվում են չորս ուղղությամբ, ինչպես աշխարհի չորս ծագերը, մուգ կապույտը երիզված է ծիրանագույնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագույն են:

Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթության բնօրրան։

Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։

Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը եւ ստեղծագործ ազատության կենսասիրությունը:

Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը եւ առաքելականությունը:

Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը։

Դրոշի լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է` 1։2 – ի:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության եւ երկարության հարաբերակցության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ փոքր կամ մեծ չափի դրոշ։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքին կից։

Անցումային դրույթներ

  1. Մինչեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Խորհրդարանի վերջնական ձեւավորումը սույն հրամանագիրն օրենքի ուժ ունի։
  2. Սույն հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախկին դրոշը հանձնվում է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ասամբլեային, որպես Ասամբլեայի խորհրդանիշ։
  3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը կիրառության մեջ է մտնում հրամանագրի ստորագրման պահից։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ՝

Արմենակ Աբրահամյան

 

Փարիզ, Ֆրանսիա , 21.10. 2011 թ.