ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերյալ (2-րդ մաս)

Թվում է, թե Հայկական Հարցի լուծման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման հիմքը պետք է կազմեր ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 22 նոյեմբեր 1920 թ. կայացրած Իրավարար վճիռը: Սակայն, Հայկական Հարցի լուծման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը, մինչեւ վերջերս, դա Եւրոպական պառլամենտի բանաձեւի բովանդակության ու հոդվածների գործնական իրականացումն է Մերձավոր Արեւելքում մի փոքր հավելումով այն իմաստով, որ Արարատ լեռն ու Անի հնաբույր մայրաքաղաքը ենթադրվում է, որ անցնելու են Հայաստանի Հանրապետությանը:

ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական Հարցի եւ Մերձավորարեւելյան խնդիրների վերաբերյալ ներկայացված է վերջին տասնամյակներում հրապարակված տարբեր հոդվածներում: Դրանցից մեկը ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածն է ու կից քարտեզը, որն առավել ամբողջական է արտահայտում ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքը վերոնշյալ խնդիրների վերաբերյալ (1):

Հայկական պահանջատիրության եւ իրավունքների մասով հոդվածում մասնավորապես ասված է. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեւարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»:

Միանգամից աչքի է զարնում այս ձեւակերպման նմանությունը Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը, որտեղ հիշեցնենք նշված է.

«Եւրոպական պառլամենտը…

«Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ» (2):

Ահա թե ինչու, 2009 թ. հոկտեմբերին, երբ Շվեյցարիայում նախաստորագրվում էին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հայտնի եւ այնքան աղմուկ հանած արձանագրությունները՝ այլ պաշտոնատար անձանց շարքին ներկա էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ճիշտ է, որպես հավելում՝ Ռալֆ Պիտերսի քարտեզում նշված է, որ Արարատ լեռն ու Անի հնաբույր մայրաքաղաքը անցնելու են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաեւ տեւական ժամանակ է, ինչ խոսվում է այն մասին, թե ամերիկյան քաղաքական շրջանակներում քննարկվում է իսլամացած հայերի գործոնը տարածաշրջանում: Նկատենք նաեւ, որ 2012 թ. փետրվարից սկսած ամերիկյան պետական շրջանակներում հնչում են ելույթներ ի պաշտպանություն Սիրիայի ու Մերձավոր Արեւելքի հայության (3, 4):

Սակայն միեւնույնն է, տեսանելի է, որ այս կարգի դիրքորոշումները նույնպես չեն արտահայտում Հայկական Հարցի լուծման թղթածրարի իրավական – քաղաքական ամբողջական եւ իրական բովանդակությունը:

Այնպես որ այստեղ եւս ստիպված ենք կրկնելու, որ Հայկական Հարցի լուծման ուղղությամբ 1918-20 թթ. արդեն իսկ ընդունվել են որոշումներ, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին, 11 հունվար 1918 թ.), Հայաստան պետության (նկատի ունենալով միացյալ Հայաստանը՝ արեւելյան եւ արեւմտյան) անկախության դե ֆակտո (de facto) ճանաչումը Փարիզի Վեհաժողովի ժամանակ՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից (19 հունվար 1920 թ.) եւ դե յուրե (de jure) ճանաչումը Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից (11 մայիս 1920 թ.), Սեւրի Խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները (10 օգոստոս 1920 թ.), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.) եւ այլ որոշումներ, որոնք սակայն հետագայում շրջանցվել ու մոռացության են մատնվել Եւրոպական պետությունների ու նրանց կառույցների կողմից (5):

Ուստի, Հայոց իրավունքների պաշտպանության խնդիրներում պետք է նկատի ունենալ, որ այս դաշտում եւս հսկայածավալ աշխատանք կա կատարելու, նաեւ ամերիկյան պետական շրջանակներին հիշեցնելու համար ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի (ինչպես նաեւ այլ որոշումների) արծարծման ու իրականացման կարեւորությունը հայության կյանքում, դրանով նույնպես նպաստելու համար կայուն խաղաղության ու համագործակցության հաստատմանը Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում:

(Շարունակելի՝ «Հայկական Հարցի լուծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը») 

Տիգրան Փաշաբեզյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ 

11.12.2016 թ. 

***** 

Ծանոթագրություն

  1. Տես, Ռալֆ Պիտերս, «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածն ու քարտեզը, թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.
  2. Տես, Եւրոպական պառլամենտի բանաձեւը «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին», 18 հունիս 1987 թ., «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 10-11:
  3. Տես, ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է օգնել սիրիահայերին, 08.2012 թ., Azatutyun.am:
  4. Տես, Կոնգրեսականը կոչ է անում պաշտպանել սիրիահայերին, 10.08.2012 թ., am:
  5. Տես, «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն), որը կարող եք ձեռք բերել «Նոյյան Տապան» հրատարակչությունում զանգահարելով՝ (+374 60) 2764 62: Հասցեն՝ ՀՀ, Երեւան, Իսահակյան 28: – http://nt.am/am/ourpublication/9

Աղբյուրը` IA REX – Միջազգային փորձագիտական հանրություն

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության