Դիմում ՄԱԿ-ի անդամ պետությունների խորհրդարաններին (Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու փաստի առընչությամբ)

Դիմում ՄԱԿի անդամ պետությունների խորհրդարաններին

 (Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու

փաստի առընչությամբ)

Հարգելի խոսնակ, հարգելի խորհրդարանականներ

Ահա կրկին գործեց հայությանն ու Հայաստանին ուղղված ժամանակակից եւս մեկ սպառնալիք ու մարտահրավեր, այս անգամ ուղղված Հայոց պատմա-մշակութային եւ հոգեւոր արժեքներից մեկին՝ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցուն, որ Հայերի ցեղասպանության նահատակների ու զոհերի հիշատակն է հավերժացնում տարածաշրջանում:

Հայության համար օրինակները այլեւս չափից ավելի շատ են, որոնք սկսվելով Հայերի ցեղասպանության սկզբնավորման տարիներից՝ 1894-96 թթ., շարունակվելով շուրջ 30 տարի՝ մինչեւ 1923 թ., հարափոփոխ եւ այլակերպ կերպարանքներ են ընդունել՝ ազգասպանությանն ու բռնագաղթին հավելելով մշակութային ցեղասպանությունը, ցեղասպանության ժխտողականությունը, հայոց պատմա-ճարտարապետական հուշարձանների նպատակային ոչնչացումը, հայոց պատմության ու մշակույթի կեղծարարությունն ու նենգափոխումը, այլատյացություն, հայատյացություն ու ռասիզմ անթաքույց քարոզչությունը…

Ճիշտ նույն տրամաբանությամբ, 1988-ից սկսած եւ մի նոր թափով սկսվել ու շարունակվում է Հայոց պատմա-ճարտարապետական եւ քաղաքակրթական արժեքների, այդ թվում՝ Նախիջեւանի միջնադարյան խաչքարերի համալիրի բարբարոսական ոչնչացումը ադրբեջանցիների ձեռքով, կարծես քիչ էր 600 հազարի հասնող Ադրբեջանի հայ քաղաքացիների ցեղասպանությունն ու բռնագաղթը 1988-1990 թթ. ընթացքում:

Այլեւս բավարար չէ կրկնել. «Անպատիժ հանցագործությունը նոր հանցագործություն է ծնում»: Այլեւս ժամանակն է հանցագործին հայտնաբերելու, դատապարտելու ու պատժելու:

 

Հարգելի խոսնակ, հարգելի խորհրդարանականներ.

Առաջարկում ենք դատապարտել այս հերթական բարբարոսությունը եւ Խորհրդարանական հետաքննություն սկսել մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու նպատակով:

Որովհետեւ ինչպես Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց սրբավայրի ու հուշարձանի, այնպես էլ աշխարհում գոյություն ունեցող այլ օրինակների, մասնավորապես Բուդդայի արձանի ոչնչացումը Աֆղանստանում, ցույց են տալիս, որ ոչ մի ժողովուրդ եւ մշակույթ ապահովագրված չէ այս տեսակ բարբարոսական հանցագործ գործողություններից:

Ապահովագրված չէ, քանի դեռ տվյալ հանցագործը չի հայտնաբերվել, չի դատապարտվել եւ արժանի պատիժը չի կրել:

Համաշխարհային ընդգրկում ստացող այս վտանգավոր ծրագրավորման գործողությունը բոլոր իմաստներով այլեւս դուրս է գալիս վերահսկողությունից եւ համամարդկային արժեքների պահպանման տեսանկյունից նույնպես:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ

 25. 09. 2014 թ.