«

»

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 10.01.2018 թ. որոշումը «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»

ՈՐՈՇՈՒՄ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) № 01/2018, 10 հունվար 2018 թ.

 «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»

Համաձայն

  • ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի՝ «Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» մասին, 26 հունիսի 1945 թ.,
  • Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 11 հունվարի 1918 թ.,
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, 19 հունվարի 1920 թ.,
  • Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե(de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, 11 մայիսի 1920 թ.,
  • Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոսի 1920 թ.,
  • ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ, 22 նոյեմբերի 1920 թ.,
  • ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի, 13 սեպտեմբերի 2007 թ.,

  եւ հաշվի առնելով

  • ողջ մարդկության եւ հայության կրած ֆիզիկական, ինչպես նաեւ հոգեւոր, մշակութային, նյութական եւ տարածքային կորուստները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում, այդ թվում՝  հատկապես թուրքական երեք իրար հաջորդող կառավարությունների կողմից 1894-1923 թթ. ընթացքում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանության իրականացումը իրենց բնօրրաններում,
  • անհերքելի այն իրողությունը, որ մարդկությունն այսօր գտնվում է հոգեւոր-մշակութային, բարոյահոգեբանական եւ տնտեսական ու քաղաքական խոր ճգնաժամի մեջ, որոնք սպառնում են միջկրոնական ու քաղաքացիական բախումներով, չի բացառվում նաեւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմամբ,
  • Մերձավոր Արեւելքում ընթացող ու խորացման ենթակա ռազմաքաղաքական գործընթացները, որոնք ոչ միայն կարող են, այլեւ արդեն իրապես սպառնում են ողջ տարածաշրջանին՝ ինչպես բնիկ հայության, այնպես էլ մշակութային-քաղաքակրթական ու պետականակերտ ազգերի անվտանգությանը,
  • տարածաշրջանի բնիկ ժողովուրդ հանդիսացող Մերձավոր Արեւելքի, Սիրիայի ու Արեւմտյան Հայաստանի հայերի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի մյուս բնիկ ժողովուրդների, քրիստոնյաների կյանքի, գույքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, որը փաստացի մինչ այսօր չեն ապահովել գերտերությունները եւ որի պատճառով էլ տեղի է ունեցել տարածաշրջանի բնիկ հայերի, ինչպես նաեւ այլ բնիկների, ժողովուրդների ու քրիստոնյաների նոր բռնագաղթը,
  • Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում համընդհանուր հաշտություն ու խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, ներկա պայթյունավտանգ փուլում առնվազն կանխարգելող անվտանգության ու խաղաղության կղզյակներ ձեւավորելու, որոնք առաջիկայում պետք է դառնան կանխարգելիչ զսպող գործոններ,
  • ինչպես նաեւ վերահաստատելով մեր հանձնառությունը հարազատ մնալու ՄԱԿ-ի հռչակած միջազգային սկզբունքներին եւ չափանիշներին, որոնց համաձայն պատրաստակամ ենք հետեւողականորեն նպաստելու հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին, տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, ապահովելու տարածաշրջանի բնիկների ու ժողովուրդների ազատ զարգացման ու առաջընթացի իրավունքները,

հիմնվելով

  • Արեւմտյան Հայաստանի հայերի Մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին որոշման վրա, ընդունված 03.2011 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի վրա, ընդունված 12.2012 թ.,
  • ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետություններին, Սեւրի Խաղաղության դաշնագիրը ստորագրած պետություններին ուղղված դիմումի, «Մերձավոր Արեւելքի հայության ինքնապաշտպանության ուժեր կազմավորելու մասին» որոշման վրա, ընդունված 04.2014 թ.,
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» որոշման վրա, ընդունված 01.2018 թ.՝

 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը)

 ՈՐՈՇՈՒՄ Է

1) Հաստատել «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» որոշման նախագիծը:

2) Դիմել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահին ստորագրելու «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» օրենքը,

3) Հավատարիմ մնալ այն հիմնարար սկզբունքին, ըստ որի՝ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերը ստեղծվում են բոլոր այն վայրերում, որտեղ համահավաք ապրում են Արեւմտյան Հայաստանի հայեր, ըստ այդմ՝ հետեւելով հիմնական այն նպատակին, որ անհրաժեշտության դեպքում ստեղծվող ուժերը մասնակցելու են ոչ միայն տեղի հայության, այլեւ Հայաստանի պաշտպանությանը, ըստ անհրաժեշտության կազմակերպված ձեւով ներգրավվելով նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

4) Հիմք ընդունել այն սկզբունքը, ըստ որի՝ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի միավորումներ ստեղծվելու են տարածաշրջանային սկզբունքով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո։

5) Սույն որոշման մասին տեղյակ պահել ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդին, ՄԱԿ–ի անդամ պետություններին, Սեւրի Խաղաղության դաշնագիրը ստորագրած պետություններին:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 Դիանա Գրիգորյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

 10 հունվար 2018 թ.

 

Please follow and like us: