Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Էդուարդ Փոլատով (Փոլատիդիս). «Թալիշի և սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման հարցերի շուրջ»: Ելույթ

Եթե բնակչության միգրացիան դիտարկելու լինենք Հայաստանի և Արցախի հետ կապված, ապա միանգամայն ակնհայտ է, որ, ըստ էության, դա ազգային անվտանգության խնդիր է։ Այսօր միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի լարված է դառնում, ինչը պարզապես անհնար է չտեսնել։ Չկան երաշխիքներ, որ մի շարք երկրներում ապրող հայերը չեն ենթարկվի ճնշման բնիկ ժողովրդի կողմից, ընդ որում՝ այդ ճնշումը կարող է ընդունել կրոնական նացիոնալիզմի և ծայրահեղականության ձևեր։ Այս համատեքստում հիշյալ միգրացիոն խնդիրը բավական ակտուալ է ողջ հայության համար։ Հետևաբար, այս կարևոր հարցը պետք է դառնա ամենասևեռուն ուշադրության առարկա ինչպես Հայաստանի ու Արցախի պետական կառավարման մարմինների, այնպես էլ Սփյուռքի հայկական կառույցների՝ առանձին անհատների, կազմակերպությունների համար, ինչը պետք է հանգեցնի նրանց անմիջական մասնակցությանը մեր սահմանների պաշտպանության և ամրակայման ծրագրերի իրագործմանը։ Միևնույն ժամանակ, հարկ է հաշվի առնել նաև ՀՀ և ԼՂՀ պետական և ժողովրդագրական ռեսուրսների սահմանափակությունը։ Մեր խորին համոզմամբ, միայն բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի և բարեկամ ժողովուրդների արտասովոր ներուժի լիարժեք ու բազմակողմանի կիրառումը թույլ կտա լուծել կենսականորեն կարևոր այնպիսի խնդիր, ինչպիսին է Հայաստանի և Արցախի ռազմավարական ժողովրդագրական պոտենցիալն այնպիսի մակարդակի հասցնելը, որը կարող է համարվել անհրաժեշտ չափով բավարար։ Արտասահմանյան փորձագետների կարծիքով՝ վտանգավոր համարվող շրջաններում բնակչության հոգեկան կայունությունը շատ բանով որոշվում է բնակչության խտության կրիտիկական մակարդակով։ Եթե այդ մակարդակը պահպանվում և օժանդակվում է, ապա առաջ է գալիս պաշտպանվածության, շրջանի ապագայի հանդեպ վստահության զգացողություն։ Հակառակ պարագայում կգերակշռեն կենտրոնախույս գործընթացները, և կսկսվի իրավիճակի հետագա վատթարացումից զգուշացող բնակչության զանգվածային, չվերահսկվող արտահոսք (անկեղծ լինենք՝ խուճապահար փախուստ)։ Մեր աչքերի առջև այսօր տեղի ունեցող բնակչության ինտենսիվ արտահոսքը սահմանամերձ շրջաններից դրա վառ վկայությունն է։ Այս տագնապալի միտման մասին անհրաժեշտ է անընդհատ ահազանգել, կոչնակ հնչեցնել, քանզի խնդիրը բացառիկ լուրջ է։ Ո՞ւր է արտագաղթում բնակչությունը, որի բացակայությունն անդրադառնում է երկրի պաշտպանունակության և նրա սահմանների պաշտպանության վրա։ Պատասխանը, ցավոք, մեզ բոլորիս քաջ հայտնի է։

Ադրբեջանի բազմամյա սադրանքները Հայաստանի հետ սահմաններին, ադրբեջանական զինվորականության և նրանց դաշնակից Թուրքիայի ագրեսիան, որը 2016թ. ապրիլին վերաճեց քառօրյա պատերազմի ընդդեմ ԼՂՀ-ի, խիստ ակնհայտորեն ընդգծեցին այն փաստը, որ Հայաստանը և, առավել ևս, Արցախը, ըստ էության, պատերազմող պետություններ են։ Այս փաստը պահանջում է ողջ ազգային գաղափարախոսության արմատական, երկրի տնտեսական կյանքի կազմակերպման վերանայում՝ նախևառաջ սահմանամերձ շրջաններում։ Այս առնչությամբ նպատակահարմար ենք համարում սահմանամերձ բնակավայրերում հատուկ ավանների ձևավորումը, որոնք կհամալրվեն Իսրայելի կամ XIXդ. առաջին կեսի Ռուսաստանի ռազմական ավանների օրինակով, առաջին հերթին՝ մարտական փորձ ունեցող վետերաններով, ովքեր 1990-ականներին անցել են Հայրենիքի պաշտպանության ճակատամարտերի բովով։ Սակայն վերը նշվածը հնարավոր է կազմակերպել այն դեպքում, եթե կադրային քաղաքականությունը երկրում իրականացվի ազգային անվտանգությանը միտված մարմինների հսկողության ներքո։ Այս խնդիրը հիրավի համազգային է՝ կապված (և սրանք լոկ ամպագոռգոռ բառեր չեն) Մայր Հայրենիքի՝ Հայաստանի փրկության և վերածննդի հետ, ինչին, բնականաբար, պարտավոր են ձգտել ինչպես նրա բոլոր քաղաքացիները, այնպես էլ յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության երկրից, Ամերիկայից մինչև Ավստրալիա և Եվրոպա ու Ասիա։

Ասյօր մեր երկիրը  գտնվում է բարդ, եթե չասենք՝ ծանր աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակում, որն անխուսափելիորեն անդրադառնում է նաև պատերազմի վետերանների, պաշտոնաթող զինվորականների, զոհված ու վիրավոր մարտիկների ընտանիքների վրա։ Աշխատատեղերը բնավ չեն բավականացնում, իսկ պետության հատկացրած թոշակները և նպաստները չեն կարող լիարժեք կայունացնել նրանց հոգեբանական վիճակը, վերադարձնել բնականոն կյանքի։ Պատերազմից խոցված մարդիկ դեռ կարող են և ուզում են աշխատել։ Եթե պետական մակարդակով այս խնդիրը լուծելը դեռևս չի ստացվում, ապա այն պետք է կարգավորել այլընտրանքային մեխանիզմների միջոցով՝ դրանով իսկ կատարելով գոնե բարոյական պարտքը զոհված հերոսների ընտանիքների առջև։ Իսկ սահմանային, մեր պարագայում՝ սահմանամերձ ծառայությունը պահանջում է փորձ, տոկունություն, եթե կուզեք՝ կյանքի իմաստնություն, ինչն ավելի բնորոշ է վետերաններին, քան «նորաթուխ» զինակոչիկներին։ Մանավանդ որ վետերանները, եթե հարկ լինի, ի վիճակի են լուրջ մարտ ընդունել և պահել դիրքերը՝ մինչև հիմնական զինվորական ստորաբաժանումների մոտենալը։ Դրանով իսկ կհաջողվի ապահովել ոչ միայն մեծ կայունություն սահմանին, այլև անհրաժեշտ համալրում զինակոչային բանակային ռեսուրսների անբավարարության պայմաններում։ Պակաս կարևոր փաստ չէ նաև այն, որ մենք հանգստություն կմտցնենք պատանի զինակոչիկների ընտանիքներում՝ սահմանին նրանց ապահովագրելով մարտերում կոփված մարտիկներով։ Այդ գյուղերից շատերն այժմ գրեթե անմարդաբնակ են, իսկ հողերը չեն մշակվում. Արցախի ազատագրման համար պատերազմի վետերանները կկարողանային այդ անմարդաբնակ գյուղերի հիմքի վրա կազմակերպել ավաններ և նրանց անհրաժեշտ արտոնությունների տրամադրման պարագայում՝ արդյունավետորն մշակել հողը, տնտեսություն վարել, զուգահեռաբար էլ, անհրաժեշտության դեպքում, հուսալիորեն պաշտպանել սահմանը թշնամուց։ Որպես նախադեպ՝ նման առաջին ավանը, մեր կարծիքով, նպատակահարմար է ստեղծել Թալիշ գյուղի հողերում։ Իրական պաշտպանություն զգալով՝ գյուղ կարող են վերադառնալ տեղի բնակիչները և պահեստի զինվորների, աշխարհազորայինների, սփյուռքի հայրենակիցների հետ, սահմանային ծառայություն կրելու հետ միասին, հող մշակել, զբաղվել տնտեսությամբ և գյուտնտարտադրանք թողարկելով։ Այսպիսով, մենք ոչ միայն կապահովենք սահմանի հուսալի պաշտպանությունը, այլև, պատերազմի դեպքում, մինչ ընդհանուր զորակոչ հայտարարելը, կկարողանանք օպերատիվորեն համալրել կանոնավոր բանակի շարքերը։ Ես ոչ մի նոր բան չեմ առաջարկում, ասվածը մեկ անգամ արդեն նախաձեռնվել և իրագործվել է իմ անմիջական մասնակցությամբ 1993-1995թթ.։ Հասկանալի է՝ ծրագրի իրագործումն անհնար կլիներ առանց պետության և նրա բոլոր ինստիտուտների, երկրի հասարակության և սփյուռքի անմիջական մասնակցության, այն ժամանակ, երբ ես Միգրացիայի և փախստականների հարցերով Պետական վարչությունում միգրացիայի ու արտաքին կապերի վարչության պետի տեղակալն էի։ Նախաձեռնվեց Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից Արցախի ավելի քան 42 հազար քաղաքացու վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ովքեր ժամանակավորապես լքել էին իրենց տները մարտական գործողությունների պատճառով, մինչև պատերազմի լիակատար ավարտը։ Դեռ չկար ազատագրված տարածքների կարգավիճակի վերաբերյալ կառավարական որոշումը, իսկ մենք արդեն ձեռնամուխ էինք եղել ազատագրված տարածքները գերազանցապես Ադրբեջանից, ինչպես նաև Շահումյանից, Գետաշենից, Մարաղուից, Չայլուից և Արցախի՝ ագրեսորի կողմից օկուպացված այլ բնակավայրերից փախստականներով բնակեցնելով։ Ցավոք, մեր Հայրենիքի այս և այլ տարածքներ առայժմ մնում են օկուպացված Ադրբեջանի հետ կնքված հրադադարի պատճառով։ Նշեմ, որ հենց Թալիշ գյուղը, որն ազատագրվել է 1994թ. ապրիլի 14-ին, դարձավ Արցախի՝ օկուպացիայից վերջինն ազատագրված բնակավայրը, ինչից հետո էլ ստորագրվեց հիշյալ համաձայնագիրը, որը գործեց, այսպես ասենք, մինչև 2016թ. ապրիլի 2-ը։

Եվ վերջապես՝ գլխավորը։ Արցախի իշխանությունների, այն է՝ նախագահ Բ.Սահակյանի, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վ.Բալասանյանի հետ համաձայնեցմամբ՝ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել դեպի սահմանամերձ շրջաններ միգրացիայի խթանման գործընթացի կազմակերպմանը և հույս ունենք, որ Սփյուռքը, ինչպես դա ապացուցվել է քանիցս, կարող է և լիարժեք կմասնակցի պատմական Հայրենիքի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդմանը։ Հարգելի հայրենակիցներ, այդ գործընթացն անշրջելի է, և մենք կոչ ենք անում Սփյուռքի բոլոր հայերին համախմբվել Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ և անել հնարավոր ամեն բան՝ հանուն մեր երկրների անվտանգության ապահովման և նրանց սահմանների ամրացման։

Հայրենակիցնե՛ր։ Մենք համոզված ենք, որ միայն ուժեղ Հայրենիքը կարող է ուժեղ Սփյուռք ունենալ։

 

Էդուարդ Փոլատով (Փոլատիդիս),

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

«ԹԱԼԻՇ-ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՎԱՆՆԵՐ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

II ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ,

2.3 Սահմանամերձ բնակավայրերի կայուն զարգացում և հուսալի պաշտպանություն)