«

»

«Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում»․գործուն ալգորիթմի սահմանումը. Արամ Անանյան

21-րդ դարասկզբի հասարակական ու քաղաքական մտքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ, հաճախ, ժամանակակից աշխարհի առջև ծառացող մարտահրավերները մնում են անպատասխան։ Այո, աշխարհը գտնվում է նորանոր խնդիրների լուծումների փնտրտուքում, ինչը բազմաթիվ մտածողների հիմք է տալիս ներկան համարել անորոշությունների ժամանակաշրջան։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական ժամանակակից քաղաքագիտական ու պատմագիտական մտքի համար արդիական մարտահրավերների համակողմանի պատասխաններ փնտրող ու գտնող աշխատություններն ուղղակի անհրաժեշտություն են։ Մեր դեպքում, դրանք առավել քան պահանջված են, քանզի, որպես հասարակություն ու գիտական հանրություն, մենք չենք կարող մեզ թույլ տալ համաշխարհային ինտելեկտուալ զարգացումներից հետ մնալու շռայլությունը։

Այս համատեքստում Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» ստվարածավալ (652 էջ) աշխատությունը, իրավամբ, բարձրարժեք ու լուրջ ներդրում է սփյուռքագիտության և հայ հասարակագիտության մեջ, որն ունի ոչ միայն գիտական, այլև մեթոդաբանական ու քաղաքագիտական արժեք։ Արդի հասարակագիտության հիմնարար տեսական մոտեցումների ու մոդելների հենքի վրա կառուցված այս աշխատությունը, ժամանակակից մեկնությամբ, բանաձևում է ժամանակակից աշխարհի մարտահրավերների ՝ ակտիվ միգրացիոն հոսքերի, մշակույթների փոխադարձ ներթափանցման ու համաշխարհայնացման ու ինքնության փնտրտուքի պատասխանները՝ հայկական սփյուռքի խորապատկերի վրա:

Ակնհայտ է, որ ներկա միգրացիոն ու ժողովրդագրական միտումները ստիպելու են ապագայի մտածողներին անդրադառնալ «սփյուռք» բազմաշերտ հասկացության տարատեսակ մեկնություններին ու սահմանումներին։ Հասարակական կյանքի արագացող փոփոխություններն ու համաշխարհայնացման առանձնահատկությունները ընդլայնելու են հասկացության բովանդակությունը, կարևորելու են անձի ու ազգերի ինքնության խնդիրները, հարստացնելու են սփյուռքագիտության նշանակությունն ու բովանդակությունը։ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատությունը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ բացի պատմա-քաղաքական վերլուծությունից և շարադրանքից, ներկայացնում է նաև երկու հաղորդակից անոթների՝ սփյուռքի և հայրենիքի գործակցության առաջարկներ ու տեսլական։ Այլ կերպ ասած՝ հարաբերությունների զարգացման, գործակցության ու փոխլրացման գործուն ալգորիթմ:

Աշխատության առաջին գլուխը հեղինակը նվիրել է Հայկական սփյուռքի ծագմանն ու ժամանակակից բնութագրին։ Սփյուռքի ու հայկական համայնքների ծագումը մեր ժողովրդի պատմության խտացումն է։ Հեղինակին հաջողվել է վարպետորեն համադրել հայկական սփյուռքի հարուստ ներկապնակը, զարգացման պատմությունն ու ներկա վիճակը, անդրադառնալ համահայկական ցանցերի ձևավորմանը, հայկական դպրոցների, եկեղեցիների, մշակութային հաստատությունների, բարեսիրական ընկերությունների ու այլ կառույցների հսկայական աշխատանքին, համակողմանիորեն ներկայացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դապատարտման հարցում հայկական համայքների դերակատարությունն ու հայերի մասնակցությունը համաշխարհային քաղաքակրթութության զարգացմանն ու առաջընթացին և այլն։ Ակներև են հեղինակի կողմից ներկայացվող հարցերի վերաբերյալ խորն ու համակողմանի գիտելիքները, առաջարկվող գաղափարների նորարարությունն ու արդիականությունը։ Առաջարկները հիմնված են Հայաստանի և հայկական սփյուռքի առաջ ծառացած մարտահրավերներին միասնական ու արդյունավետ լուծումներ գտնելու, սիներգիկ արդյունք ստանալու համար նոր գործիքակազմերի իմացությամբ, ինչը  կարևոր է թե տեսական քննարկման, թե գործնական կիռառության առումներով:

Մենագրության երկրորդ գլխի առանցքը արագ փոփոխվող աշխարհի աճող մարտահրավերներն ու վտանգներն են, որոնք իրենց բացասական ազդեցությունն ունեցան հայության համար։ Դրանք էլ ավելի օրախնդիր են դարձնում համայն հայության համար դեռևս չլուծված մնացող հարցերը․ Արցախի ժողովրդի ինքորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի, Արցախի և սփյուռքի դեմ սանձազերծված թշնամական քաղաքականությունը։ Հակոբյանի առաջարկն, այս առումով, գործնական է ու խիստ արդյունավետ՝ ամրապնդել մեր միասնական ներուժն ու այն ուղղորդել Հայաստանի ու Արցախի առաջընթացին ու զարգացմանը։ Առաջարկվող բանաձևը միասնականությունն է։ Հեղինակը ճշմարտացիորեն շեշտադրումը տեղափոխում է ինքնության կարևորության և հայկական ինքնությունը ամրացնող արժեհամակարգի վրա (ժամանակակից աշխարհում ինքնության փնտրտուքը լինելու է հասարակական հարաբերություններին հատուկ կարևորագույն գործոն):Որպես այդ ինքնության սյուներ հանդես են գալիս հայոց լեզուն, հայկական մշակույթը, պատմական ժառանգությունն ու հիշողությունը, ընտանիքը, քրիստոնեությունը, ազգային հաստատությունները:

Երրորդ գլուխը բացահայտում է հեղինակին ոչ միայն որպես բծախնդիր ու օժտված հետազոտողի, այլև փորձառու ու լայն տեսլական ունեցող պետական գործչի։ Հրանուշ Հակոբյանը բացազատում է Հայաստան- Սփյուռք գործակցության ու հարաբերությունների բանաձևը՝ համակողմանի գնահատելով պետական քաղաքականության նոր փուլին, սփյուռքի սահմանադրականացմանը, Սփուռքի նախարարության գործունեությանը։ Սփյուռքի նկատմամբ պետական քաղաքականության էության ու բովանդակության հարստացումը, Սփյուռքի նախարարության գործունեության փիլիսոփայությունը փաստում են մասնակցության կարևորությունը և մենագրության այս գլուխը յուրատեսակ կոչ է բովանդակ հայ ժողովրդի միասնական ներուժը համախմբելու առումով։ Հայության հաջողությունները ամրացնելու են հայությանն ու մեր ինքնությունը:

«Հայկական Սփյուռքը հարափափոխ աշխարհում» մենագրությունը նաև տվյալների հսկայական շտեմարան է՝ հարուստ աղյուսակներով ու անվանացանկերով, որոնք էլ ավելի համակողմանի են դարձնում այն, լուրջ հանրագիտարանային արժեք հաղորդելով արդիական ու կարևոր այս աշխատությանը:

Արամ Անանյան

Արմենպրես գործակալության տնօրեն

Պատմական գիտությունների թեկնածու

http://hayernaysor.am

Please follow and like us: